ESem.am պատմել է, որ դերասանուհի Տաթև Հովակիմյանը, ով հանդիսատեսի լայն զանգվածներին հայտնի դարձավ «Անավարտ թռիչք» ֆիլմից (ֆիլմում նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն), պատրաստվում է ավարտական, դիպլոմային աշխատանքին, և ընդգրկված է մի քանի ներկայացումներում: Դրանցից մեկի պրեմիերան կայացավ այսօր, որին ներկա էր նաևESem.am-ը:

 

Ռուս գրող Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Մեռած հոգիները աշխույժ ընթացքի մեջ են» ներկայացման գլխավոր հերոսները Տաթևն ու Ֆրիդա Յորքն են: Այստեղ Տաթևը տղամարդու կերպարով է. մարմնավորում է Գոգոլին, իսկ Ֆրիդա Յորքը` հեղինակի ստեղծած կերպարներին է մարմնավորում: Բացի դերասանուհիներից, բեմում նաև չորս հոգուց կազմված երգչախումբն է. նրանք ողջ ներկայացման ընթացքում ձայնակցում էին դերասանուհիներին ու փորձում ձայնային հնչյուններով ևս արտահայտել ասելիքը:

 

Ռեժիսոր Գայանե Արկոյի դիպլոմային աշխատանքը գնահատելու էին եկել ռեժիսորներ և դերասաններ` Վահե Շահվերդյանը, Հրաչյա Գասպարյանը, Ելենա Արշակյանը, Կարապետ Բալյանը, Գագիկ Մադոյանը, Աշոտ Հակոբյանը, Սոնա Մաթևոսյանը, Մագդալենա Մնացականյանը և այլք:

 

Պրեմիերայից հետո դերասանուհի Տաթև Հովակիմյանը խոստովանեց, որ առավոտյան 8-ից լարվածությունն այցելել էր իրեն: «Ներկայացումն իմ դիպլոմային պաշտպանությունից հետո էր։ Այսօր առաջին անգամ բեմում էի որպես գերազանց ավարտած դերասանուհի։ Հանդիսատեսին չեմ տեսել ընդհանրապես, հանդիսատեսը քարացած էր իրոք, ինձ թվում էր, երբ լույսերը վառվի, դահլիճում չեմ տեսնելու ոչ մեկին։ Երբ լույսերն անջատեցին, ու վարագույրը փակվեց, հանդիսատեսի բուռն ծափողջույններից նորից ծնվեցի։ Բայց խաղի ընթացքում Ֆրիդա Յորքի հետ իրոք ինքնամոռաց տրվել էի մեր մթնոլորտին՝ մեր իսկ ստեղծած ու ամիսների ընթացքում կառուցած»,- ասաց Տաթևը:

 

Ռեժիսոր Ելենա Արշակյանը պրեմիերայից հետո շնորհավորեց Տաթևին և Ֆրիդային` նշելով. «Շատ հետաքրքիր էր սերունդների տարբերությունը, քանի որ Ֆրիդան իմ համակուրսեցին ու ընկերուհին է, իսկ Տաթևը` իմ ֆիլմի Արևիկը: Իհարկե, շատ հետաքրքիր էր երկուսին միասին տեսնել բեմում: Ներկայացումը ներդաշնակ ու համահունչ էր, շնորհավորում եմ իմ ընկերներին, ինչպես նաև ռեժիսորին` հաջողված աշխատանքի համար»:


Ներկա էր Արևիկ Իսաջանյանը