Ֆրանսիայի Լազուրե ափին մայիսի 13-ին մեկնարկում է Կաննի 68-րդ միջազգային կինոփառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տարի կինոստուգատեսը բացելու է ֆրանսուհի Էմանուել Բերկոյի «Բարձր պահած գլխով» դրաման, որն արծարծում է դեռահասների կողմից կատարվող հանցագործությունների թեման: Փառատոնը մեկուկես շաբաթից կավարտվի ֆրանսիական մեկ այլ ժապավենով՝ Լյուկ Ժակեի «Սառույցը և երկինքը» ֆիլմով:

 

Հիմնական մրցութային ծրագրում տեղ է գտել Ոսկե արմավենու ճյուղի հավակնորդ 19 ֆիլմ, այդ թվում՝ Ժակ Օդիարի «Դիպան», Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը», Վալերի Դոնզելիի «Մարգարետը և Ժյուլիենը», Մատեո Գարոնեի «Հեքիաթների հեքիաթը», Թոդ Հեյնսի «Քերոլը», Հոու Սյաոսյանի «Մարդասպանը», Ցզյա Չժանկեի «Սարերը կշարժվեն», Հիրոկազու Կորեեդայի «Ումիմաթիի օրագիրը», Ջասթին Կուրզելի «Մակբեթ», Յորգոս Լանտիմոսի «Օմար», Մայուեն լե Բեսկոյի «Իմ թագավոր», Նանի Մորետիի «Իմ մայրը», Լասլո Նեմեշի «Ս աուլի որդին», Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդություն», Հոակին Թրիերի «Ավելի ոլորտալից, քան ռումբերը», Գաս Վան Սենթի «Ծառերի ծով», Դենի Վիլնյովի «Մարդասպանը», Գիյոմ Նիկլուի «Սիրո հովիտը» և Միշել Ֆրանկոյի «Քրոնիկներ» կինոնկարները:

 

Այս տարի ժյուրին գլխավորում են ամերիկացի ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ եղբայրներ Ջոել և Իտան Կոենները: Դրանում ընդգրկվել են նաև ֆրանսիացի դերասանուհի Սոֆի Մարսոն, անգլիացի դերասանուհի Սիենա Միլլերը, կանադացի ռեժիսոր Կսավիե Դոլանը, ամերիկացի դերասան Ջեք Ջիլենհոլը, մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Կաննի միջազգային կինոփառատոնը ամենախոշոր ու ազդեցիկ համաշխարհային կինոստուգատեսն է, որին ներկա գտնվելու համար ամեն տարի մայիսին ամբողջ աշխարհից ժամանում են կինոյի հազարավոր պրոֆեսիոնալներ, հայտնի դեմքեր, մամուլի ներկայացոիցիչներ: Վերջին 15 տարվա ընթացքում Կաննում ներկայացվող ֆիլմերի թիվն ամեն տարի աճել է ավելի քան կրկնակի: