Բրիտանիայում ևս երկու ծննդատներ պատրաստ են ընդունել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Telegraph պարբերականը, արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխան կարող է լույս աշխարհ գալ ցանկացած պահի և ամենահավանական կլինիկան, որտեղ նա կծննդաբերի, լոնդոնյան սուրբ Մերի հիվանդանոցի Lindo Wing մասնավոր համալիրն է:

 

Թագավորական ընտանիքի օգնականների խոսքով, հավանականություն կա, որ մոտակա մի քանի օրերին Միդլթոնը Բալկաբերիում կայցելի իր ծնողներին: Նա նաև կարող է մեկնել Նորֆոլկում գտնվող Անմեր Հոլ նստավայր: Արդյունքում, երկու տեղական ծննդատներ զգոն պատրաստ են անհրաժեշտության դեպքում ընդունել նրան: Ծննդատներից մեկը Ռեդինգում գտնվող Royal Berkshire հիվանդանոցն է, մյուսը Ելիզավետա թագուհու՝ Կինգս Լինում գտնվող հիվանդանոցը:

 

Թերթը նաև նշել է, որ վերոնշյալ հիվանդանոցներում դքսուհու ծննդաբերելու դեպքում նորածինը կդառնա 85 տարվա ընթացքում բրիտանական ընտանիքի առաջին անդամը, ով ծնվել է Լոնդոնի սահմաններից դուրս:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները խաղադրույք են կատարում թագավորական ընտանիքի երեխայի սեռի և անվան վրա: