Վերջերս համացանցում տարածվեց ակնհայտորեն ֆեյք օգտատիրոջ կողմից գրված մի «նյութ»՝ «Հայկական հեռուստատեսության 10 ամենաանտաղանդ ու վատ դերասանները» վերտառությամբ: Ֆեյսբուքյան այդ օգտատերը կազմել էր հեռուստասերիալներում նկարահանվող երիտասարդ դերասանների 10-յակը, որոնք, իր կարծիքով, կապ չունեն դերասանության հետ: Թե որքանով է սույն օգտատիրոջ հեղինակավոր կարծիքը կոմպետենտ, դժվարանում ենք ասել, բայց այն, որ «ամենաանտաղանդների» ցանկում, շատերի համար զարմանալիորեն, տեղ էր գտել նաև երիտասարդ դերասան Արսեն Լևոնյանը, արդեն իսկ որոշ ենթադրությունների տեղիք է տալիս:

 

 

ESem.am-ի հետ զրույցում Թատերական ինստիտուտն ավարտած դերասանը նշեց, որ ուշադրություն չի դարձնում նման բովանդակությամբ նյութերին ու դրանց պատճառով չի էլ նյարդայնանում: «Ես ապրում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ: Ապրում եմ շրջապատիս ու հանդիսատեսի կարծիքներով և դրանցից եմ ոգեշնչվում,-ասաց Արսենը՝ ավելացնելով,- որդանման ոչ մի երևույթ չի կարող ինձ խանգարել»:

 

 

Անդրադառնալով նրան, որ իբր դերասանը շատ դեպքերում կրկնօրինակում է եղբորը՝ դերասան Խորեն Լևոնյանին, կամ պապիկին՝ Խորեն Աբրահամյանին, Արսենն ասաց. «Ես զարմանում եմ, ոնց կարող է ախպերը ախպորը նման չլինել. դա գեն է, ցեղ: Եթե դա չեն հասկանում, ցավալի է: Ճիշտ է, տարբեր ոճերում ենք հանդես գալիս, բայց նմանությունը բնական է. Խորենն իմ հարազատ ախպերն ա, նույն հորից ու մորից ենք ծնվել: Չեմ հասկանում, դա գրողն ինչ մարդ է, գուցե աչքը դնչի տե՞ղն է կամ ո՞տքն է գլխի փոխարեն»,- նկատեց Արսենը:

 

Ըստ նրա՝ ոչ ոք իրավունք չունի մյուսին քննադատելու: «Ատում եմ քննադատողների «մասնագիտությունը»: Կարող է դատել միայն Աստված»,- համոզված է նա:

 

 

ESem.am-ի հետ զրույցում դերասանը անդրադարձավ նաև այն քննադատությանը, որ դաջվածքներով երիտասարդը խոսում է ոսկեղենիկ հայերենով: «Ամեն մարդ ինքն է որոշում՝ դաջվածք ունենա, թե՝ ոչ: Եթե դա ինձ վնաս է, միևնույն է, ինքս եմ ընտրել, եթե օգուտ է տալիս, էլի իմ ընտրությունն է. դա ի՞նչ կապ ունի արվեստի հետ: Դա նույնն է, որ եթե մարդ տգեղ է, պիտի ասենք՝ վատ մարդ է, բանի պետք չէ: Կարծում եմ՝ դա ճղճիմ մտածելակերպ է»,- ասաց Արսենը:

 

Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ սերիալի ավարտից հետո մի քանի ամիս դադար կառնի՝ հանգստանալու և հեռուստադիտողներին իր ներկայությամբ չհոգնեցնելու համար:


                                                                                                                                         Զրուցեց Արևիկ Իսաջանյանը