Ապրիլի 16-ին «Երիտասարդ թատերախումբը», որի հիմնադիրներից դերասան-ռեժիսոր Աշոտ Հակոբյանի մասին պատմել ենք, հանդիսատեսի դատին կհանձնի իր հերթական աշխատանքը:ESem.am-ի հետ զրույցում Աշոտը որոշ մանրամասներ հայտնեց իր նոր աշխատանքի մասին:

 

 

Նոր ներկայացումը, որը թատերախմբի թվով 5-րդ աշխատանքն է, բեմադրվել է Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» պիեսի հիման վրա: Ներկայացման ռեժիսոր Աշոտ Հակոբյանի խոսքով` վաղուց կար այսպիսի ներկայացում ունենալու գաղափար, բայց ինչ-ինչ պատճառներով պրեմիերան հետաձգվում էր: «Կարծում եմ՝ ներկայացման թեման, դրանում արծարծվող խնդիրներն այժմ էլ արդիական են: Ներկայացման մեջ կա գոյության պայքար, տեսակը պահպանելու կռիվ,- ասաց ռեժիսորը և հավելեց,- ներկայացման յոթ գլխավոր հերոսները, ովքեր այնքան մտերիմ են, որ միմյանց դիմում են` բարեկամ ասելով, 1942 թվականին օկուպացված Փարիզում ամեն օր հավաքվում են ու մի քանի ժամ` մոռանալով պատերազմի մասին, շփվում միմյանց հետ»:

 

Ըստ ռեժիսորի` հերթական խնջույքը նրանց համար տոն էր, քանի որ հերոսներից մեկի ծննդյան օրն էր: «Բոլոր կերպարները հավաքվում են հոբելյարի տանը, որտեղ էլ նրանց սպասվում է մեծ անակնկալ… հանկարծ ներս է մտնում գերմանացի սպան, տեղեկացնում, որ երկու սպա է սպանվել հոբելյարի տան պատուհանի տակ և պահանջում երկու պատանդ. նա բարեկամներին ժամանակ է տալիս իրենց միջից երկու հոգու ընտրելու և հենց այստեղ էլ սկսվում է գիշատիչների խնջույքը»,-մանրամասնեց ռեժիսորը` շարունակությունը թողնելով հանդիսատեսին:

 

 

Նշենք, որ «Գիշատիչների խնջույքում» եմ հավաքվել երիտասարդ, նաև արդեն հայտնի մի շարք դեմքեր` Աննա Հարությունյանը, Մոսո Կարապետյանը, Շողեր Գրիգորյանը, Սամվել Գևորգյանը, Վարդան Կուղիանոսյանը, Հակոբ Միրզախանյանը, Վահագն Մարտիրոսյանը, Լևս Դավթյանը:

Աշոտի խոսքով` դերասաններից շատերի հետ աշխատել է իր նախկին ներկայացումների շրջանակում, իսկ նորերին ընտրել երկար փնտրտուքներից հետո: «Ներկայացման մեջ կերպարներ կան, որոնց միանգամից եմ աչքի տակ ունեցել, իսկ կան կերպարներ, որոնք վերջին պահին են ընտրվել»,- հայտնեց ռեժիսորը:

 

 

Վիկտորինա  


Եթե քեզ հետաքրքրեց ներկայացումն ու դերասանական կազմը, կարող ես ներկա գտնվել նաև մեր վիկտորինայի միջոցով՝ պատասխանելով հտևյալ հարցին.


Ո՞վ է «Գիշատիչների խնջույքի» հոբելյարը. նշել կերպարի անունը: 


Եթե գիտես ճիշտ պատասխանը, միացի՛ր ESem.am-ի ֆեյսբուքյան էջին և փակ նամակով ուղարկիր պատասխանի քո տարբերակը:

 

Ուշադրություն. ընդունվում են միայն փակ նամակով ստացված պատասխանները: Մեկնաբանությունների հատվածում գրված պատասխանները հաշվի չեն առնվելու: Հաղթող կճանաչվի առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցը:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը