Երգչուհի Մարիա Մերաբովայի  ապրիլի 1-ին Ստեփանակերտում, իսկ 5-ին՝ Երևանում սպասվելիք համերգային ծրագրերի մասին ESem.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել է: Այսօր Հայաստան ժամանած երգչուհին լրագրողների հետ զրույցում ասաց՝ ուրախ է, որ համերգներով հանդես է գալու Արցախում և Հայաստանում:


Երգչուհու հետ հանդես կգա նաև «Միրայֆ» ջազ-բենդը, որի գեղարվեստական ղեկավարը նրա ամուսին Արմեն Մերաբովն է: Համերգի կազմակերպչներից «Emile Karat studio»-ի ղեկավար Էմիլ Կարատը նշեց, որ բարեգործական համերգն անցկացվում է Արցախի մշակույթի նախարարության օժանդակությամբ:

 

 

«Մենք ցանկանում էինք այս համերգներն հենց ապրիլին իրականացնել, որպեսզի Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հնչեն նաև մեր տաղանդավոր հայրենակիցների ձայները: Այնպես է ստացվում է, որ ապրիլին հնչում է Հայաստանի ձայներից մեկը»,- նշեց Էմիլ Կարատը:

 

Մարիամ Մերաբովան նշեց, որ ուրախ է հանդես գալ Հայաստանում, և հավելեց, որ նույնիսկ չէր երազում հանդես գալ Օպերային թատրոնում: «Այստեղ եմ ապրել. ինձ համար շատ կարևոր և յուրահատուկ տեղ էր: Առաջին անգամ չեմ Օպերային թատրոնի բեմում, բայց առաջին անգամ եմ մենահամերգով հանդես գալու: Գիտեմ, թե ինչ հանդիսատես է այստեղ, շատ եմ հուզվում»,- հայտնեց երգչուհին:

 

Նրա խոսքով' համերգի ընթացքում, որպես անակնկալ, կատարելու է Արթուր Գրիգորյանի հայերեն երգը: Մերաբովան մինչև ռուսական հեղինակավոր «Գոլոս» նախագծին մասնակցելը մի քանի անգամ հանդես է եկել «Եվրատեսիլ մրցույթում՝ որպես բեք-վոկալիստ: «Գոլոս»-ի մասին մեծ ոգևորությամբ է խոսում' նշելով, որ շատ ուրախ էր աշխատել Լեոնիդ Ագուտինի հետ: «Նրա թիմը շատ ուժեղ էր: Ընդհանրապես, չէի սպասում, որ մինչև եզրափակիչ կհասնեմ: Ագուտինը շատ է օգնել ինձ: Առաջին վոկալ մրցույթն էր իմ կյանքում: Ես շատ էի հուզվում, անհանգստանում: Մրցույթին ֆանտաստիկ մասնակիցներ էին ելույթ ունենում»,- հավաստեց Մերաբովան:

 

 

Երգչուհին չի բացառում, որ հանդիսատեսը կտեսնի նրան մեկ այլ նախագծում: Երգչուհու ամուսինը՝ Արմեն Մերաբովն էլ նշեց, որ հայ հանդիսատեսը շատ գրագետ և պահանջկոտ է: Արմեն և Մարիամ Մերաբովները մեծ ցանկություն ունեն իրենց երեխաներին էլ բերել Հայաստան: Արցախյան և երևանյան համերգների ընթացքում կհնչեն թե՛ հայտնի, թե՛ նոր ստեղծագործություններ: Ստեփանակերտում Մերաբովան հանդես կգա նաև վարպետության դասով, որին կկարողանան մասնակցել երաժշտական ուսթումնական հաստատությունների աշակերտներն ու ուսանողները:   


Մարիա Բաղդասարյան