Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ փաստավավերագրական նոր կինոնկարներ են ցուցադրվում «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Հայկ» կինոստուդիան մարտի 30-ից ապրիլի 2-ը նախաձեռնել են Ցեղասպանության թեմայով վերջերս ստեղծված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ: Կինոդիտումների մուտքն ազատ է: Մարտի 30-ին ներկայացվեց Գեորգի Կևորկովի «Հայոց պատմություն» ֆիլմաշարի «Հայաստանը 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում. Հայոց Մեծ եղեռնը» կինոնկարը:


«Ֆիլմը պատմում է, թե ինչ է կատարվել 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Արևմտյան Հայաստանում: Սկսել ենք սուլթան Համիդից՝ վերջացրել Սարդարապատի ճակատամարտով: Ֆիլմի տևողությունը 50 րոպե է, և այն նկարահանել ենք նախորդ տարի, իսկ այսօր առաջին անգամ ենք ներկայացնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գեորգի Կևորկովը:

 

Նրա խոսքով՝ նման ֆիլմերը կարևոր են հանրությանը Ցեղասպանության մասին իրազեկելու առումով:

 

«Իմ ֆիլմում կտեսնեք այնպիսի կադրեր, որոնք երբևէ չեն ցուցադրվել: Մենք անգամ Թուրքիայի արխիվներից ենք նյութեր գտնել: Կարևոր է ֆիլմի կոնցեպցիան: Ֆիլմը այն մասին է, թե ինչու տեղի ունեցավ Ցեղասպանությունը: Երբ մենք ոչ մեկի վրա հույս չենք դնում` հաղթում ենք»,-հավելեց ռեժիսորը:

 

Նախաձեռնության շրջանակում կներկայացվեն նաև այլ ռեժիսորների հեղինակած ֆիլմերը: Մարտի 31-ին կցուցադրվի «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը», ապրիլի 1-ին՝ «Վերադարձ կամ մենք կանք-2», իսկ 2-ին՝ «Հանդիպում» փաստավավերագրական կինոնկարները: