Մարտի27-ին առիթ ունենք շնորհավորելու թատրոնի գործիչներինթատրոնով ապրողներին

Թատրոնի միջազգային օրվա առիթով զրուցել ենք երևանյան մի քանի թատրոնների դերասանների հետ ու պարզելթե ինչպե՞ս են տոնում այդ օրն ու ինչո՞վ է այն առանձնանում թատրոնի յուրաքանչյուր   աշխատակցի համար:

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

 

1967թ.  Հայկական թատերական ընկերության ստուդիա-թատրոնը վերակազմավորվեց Երևանի դրամատիկական թատրոնի, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1969թ.  մարտի 8-ին`  Հովհ. Թումանյանի  «Անուշ» պոեմի ինքնատիպ բեմադրությամբ  (գլխավոր ռեժիսոր`  Հ. Ղափլանյան): Այս թատրոնի կարկառուն ներկայացուցիչներից են Գուժ Մանուկյանը, Արթուր Ութմազյանը, Հրաչյա Հարությունյանը, Նարինե Պետրոսյանը և այլք:

 

 

Էվելինա Շահիրյան 

ՀՀ վաստակավոր արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանը նշեց, որ արվեստի յուրաքանչյուր ներկայացուցչի համար կարևոր է Թատրոնի միջազգային օրը: Ըստ դերասանուհու` շատ լավ է, որ այդ օրը նշվում է նաև կառավարության կողմից, թատրոնի ներկայացուցիչները մրցանակներ են ստանում: «Հաճելի կլինի, որ այդ օրն ավելի ճոխ անցնի այն իմաստով, որ յուրաքանչյուրի համար իսկապես տոն լինի, որովհետև Հայաստանում մի քիչ անշուք է անցնում. այդ օրվա մասին գիտեն միայն այն մարդիկ, ովքեր որևէ կերպ կապված են թատրոնի հետ: Մրցանակաբաշխություն է տեղի ունենում ու դրանով եզրափակվում է օրը, իսկ դա գնալով ավելի անհետաքրքիր է դառնում,- մտահոգ նշեց Վաստակավոր արտիստ դերասանուհին: Ըստ նրա` թատրոնի դերասաններն անգամ մութ ու ցուրտ տարիներին են բեմ բարձրացել: «Մեր թատրոնի դռները ևս չփակվեցին այդ տարիներին, մենք շարունակեցինք հանդիսատեսին որակյալ, ճաշակով ու միտք ունեցող ներկայացումներ մատուցել: Մեր աշխատանքում մեծ նվիրում կա: Թատրոնի դերասանը մշտապես ուզում է ավելին անել, նոր դերեր ստանալ, որովհետև դերից դեր աճում է: Դերասանը պետք է միշտ աշխատանքի մեջ լինի և իհարկե, ժամանակին ու ճիշտ գնահատվի»,- շեշտեց Էվելինա Շահիրյանը:

Հրաչյա Հարությունյան 

ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն ուրախ է, որ իր ընտրած արվեստի տեսակը միջազգային օր ունի: «Ինչպես իմ ծննդյան օրը. թեև չեմ սիրում աղմուկ անել ու նշել այդ օրը, բայց գիտակցում եմ դրա կարևորությունը»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստը: Նա այդ օրը հիմնականում բեմում է լինում կամ մասնակցում է «Արտավազդ» մրցանակաբաշխությանը: «Կարծում եմ, այդ օրը ավելի շատ պետք է կարևորեն ոչ թե թատրոնի մարդիկ, այլ հանդիսատեսը: Ինչպես ծննդյան տոնի ժամանակ շրջապատի մարդիկ են շնորհավորում, տոնում: Ինքս էլ այդ օրը շնորհավորանքներ եմ ստանում, ինչպես նաև կինս ինձ հաճախ համաշխարհային դրամատուրգիայից դժվար գտնվող ինչ-որ գիրք է նվիրում»,- հայտնեց Հրաչյա Հարությունյանը:

Նա իր բարեմաղթանքը հղեց նաև թատրոնի հանդիսատեսին` նշելով, որ լավ կլինի նրանք հաճախ գնան թատրոն, իսկ գործընկերներին չմոռացավ ուժ և համբերություն մաղթել, որովհետև իրենց աշխատանքը շատ դժվար է:

Լուիզա Ղամբարյան 

Թատերական միջավայրում Թատրոնի միջազգային օրը նշող դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար այդ օրը հատկանշական է նրանով, որ թատրոնը մեծ ու ճակատագրական դեր ունի իր կյանքում: Լուիզայի խոսքերով` եթե այդ օրը ներկայացում են ունենում, ապա մինչև դրա սկսվելը մեկը մյուսին շնորհավորում են, իսկ ներկայացման ավարտից հետո խորհրդանշական ծաղիկներ են նվեր ստանում: «Այդ օրն առանձնանում է ջերմ գրկախառնությամբ և մաղթանքներով: Արվեստի ներկայացուցիչների համար իսկապես մեծ տոն է. դա մեր օրն է, այդ օրվա հերոսներն էլ մենք ենք: Բացի մեզանից, բոլորն էլ արձանագրում են, որ դա մեր օրն է,- նշեց դերասանուհին և իր մաղթանքը հղեց թատրոնը սիրող և չսիրող մարդկանց: - Բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են թատրոնը, թող շարունակեն ապրել դրանով, իսկ նրանք, ովքեր թատրոն չեն գալիս, թող շարունակեն ժամանցային հաղորդումների, հեռուստատեսության միջոցով գտնել իրենց զբաղմունքը, իսկ մենք սիրում ենք մեր աշխատանքն ու մի քիչ գիժ ենք»:

ԳՍունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն 

Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով կոչվեց, 1922թ. հունվարին բացեց իր վարագույրը` Սունդուկյանի անմահ «Պեպոն» հռչակելով ծնննդյան վկայագիր և ծրագրային արժեք: Մայր թատրոնի համբավը կրող Սունդուկյանում են աշխատել ժամանակի մեծ արվեստագետներ Վարդան Աճեմյանը, Վահրամ Փափազյանը, Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Գուրգեն Ջանիբեկյանը և այլք: Այժմ էլ թատրոնում աշխատում են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Վարդուհի Վարդերեսյանը, Ժենյա Ավետիսյանը, Կարեն Ջանիբեկյանը և անվանի այլ դերասաններ:

 

 

Արմեն Մարության 

ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը ևս Թատրոնի միջազգային օրը համեմատեց իր ծննդյան տոնի հետ: «Անպայման նշում ենք. եթե նույնիսկ չենք մասնակցում թատրոնի ներկայացուցիչների համար նախատեսված խնջույքին, ապա ընկերներով հավաքվում ենք ռեստորանում: Մեզ համար դա սուրբ օր է, որովհետև մարդն իր կյանքի երևի 80 տոկոսը թատրոնում է անցկացնում: Թատրոնը նրա տունն է, եկեղեցին է, սուրբ վայր է ու ամեն ինչ է. թատրոնի փոշին ես շնչում, իսկ այդ փոշին որ չի լինում, հիվանդանում ես»,- համոզված է դերասանը:

Ըստ Արմեն Մարությանի` այդ օրն իրենց թատրոնի դիմահարդարման սենյակներում կանանց համար ծաղկեփնջեր, իսկ տղամարդկանց համար շնորհավորական բացիկներ են դրված լինում: «Մեր` Ազգային թատրոնում, այդ օրվան շատ լուրջ են վերաբերում,-ասաց նա և ավելացրեց,- դերասաններին, իմ բոլոր ընկերներին մի մաղթանք ունեմ` թող առողջ ու միմյանց հետ սիրով լինեն: Հարգեն միմյանց և բեմում կարողանան երկար ապրել այնպես, ինչպես Վարդուհի Վարդերեսյանն է կարողանում դիմանալ, թեև 86 տարեկան է. դրանից մեծ երջանկություն չկա: Իսկ երիտասարդ դերասաններին լրջություն եմ ցանկանում. թող մեզ հետ հավասար քայլեն դեպի պայծառ ապագա: Համոզված եմ, որ մեր երկրի լավագույն օրերը դեռ գալու են»:

Նելլի Խերանյան 

«Թատրոնի օրը մեծ տոն է. այդ օրը թե° թատրոնի ներսում, թե° կազմակեպված միջոցառմանը մարդիկ միմյանց բարի ու լավ խոսքեր են ասում, շնորհավորում»,-Թատրոնի միջազգային օրվա մասին խոսելիս ասաց Սունդուկյան թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը, ում համար այս տարվա մարտը կնշանավորվի նոր աշխատանքով,- կներկայացնենք Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդ»-ը: Նոր ներկայացմամբ, աշխատանքով ու պրեմիերայով կտոնենք մարտի 27-ը»:

ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած դերասանուհու` թատրոնը միշտ տոն է այն մարդկանց համար, ովքեր սիրում են այն ու դրա հետ են կապել իրենց կյանքը: «Ցավոք, վերջին 20 տարիների ընթացքում խնդիրներն ավելացել են, որոնք էլ կապված են ֆինանսական և սոցիալական հարցերի հետ,- նշեց դերասանուհին` ավելացնելով,-  դերասանը մեծ երեխա է, ում շատ քիչ բան է պետք ուրախանալու համար: Պետք է դեր, լավ ռեժիսոր և լավ հանդիսատես. այդպիսով տոնն ապահովված է»: Ըստ նրա` յուրաքանչյուր ներկայացում քննություն է իր համար: «Վերջում ծափեր են լինում, որոնք էլ ինձ հետ տուն եմ տանում: Դրա համար էլ պարտադիր տոներն այնքան էլ չեմ սիրում: Ինձ համար ավելի նախընտրելի են տվյալ պահից, տրամադրությունից, ներքինից ծնված տոները»,- նկատեց Նելլի Խերանյանը:

ՀՊարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն 

1941թ. փետրվարին Երևանում գումարված Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը որոշում ընդունեց մայրաքաղաքում հիմնադրել օպերետային պետական թատրոն: Հայկական առաջին պետական օպերետային թատրոնը պաշտոնապես բացվել է 1942թ.  հունիսի 22-ին`  Ռ. Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետի բեմադրությամբ: Նախկին Ֆիլհարմոնիայի թատրոնն այնուհետև վերանվանվել է ու դարձել Հ.Պարոնյանի անվան Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: Այս թատրոնի բեմից են հանդես գալիս դերասաններ Սվետլանա Գրիգորյանը, Կարինե Բուռնազյանը, Արթուր Կարապետյանը և այլ դերասաններ, իսկ Կարպ Խաչվանքյանը կարծես դրա անգերազանցելի բարձունքը լինի:

 

 

Բորիս Պեպանյան 

ՀՀ վաստակավոր արտիստ դերասանի խոսքերով` իր համար Թատրոնի միջազգային օրը ոչնչով չի առանձնանում: «Սովորական աշխատանքային օր է ինձ համար, որովհետև այնքան խնդիրներ կան, որոնց մասին չեմ էլ ուզում խոսել: Ես չեմ զգում այդ տոնի ուրախությունը. երևի իմ գնացքը վաղուց գնացել է: Գուցե երիտասարդների համար է այդ տոնն առանձնանում,- նշեց Պեպանյանը, ով հազվադեպ է մասնակցում տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը: -Խնջույքներ չեմ սիրում, որովհետև այդ ժամանակ միմյանց փաթաթվում, համբուրում են, բայց հետևից ինչ ասես, խոսում են»: Ըստ նրա` ապագան երիտասարդներինն է, որոնց էլ ցանկանում է նորանոր դերեր ու ներկայացումներ: «Ուրախ եմ, որ թատրոնն ունի նման երիտասարդներ: Ամեն ինչ դեռ կորած չէ: Ինչ-որ տեղ կնախանձեմ այն երիտասարդներին, ովքեր թատրնում կլինեն մոտ 20 տարի հետո: Այժմյան ժամանակաշրջանը թատրոնի համար չէ, որովհետև ժողովուրդը իր մի կտոր հացի մասին է մտածում: Բայց կգա այն օրը, երբ ժողովուրդը կարոտ կլինի կենդանի խոսքին, դերասանի ու բեմի հետ շփվելուն, հոգեբանական բախումներին»,- փոքր-ինչ մտագոգ ավելացրեց դերասանը:

Անի Քոչարյան 

Դերասանուհի Անի Քոչարյանի համար մարտի 27-ին կրկնակի տոն է: Բացի թատրոնի միջազգային օրը տոնելուց, դերասանուհին նշում է նաև մայրիկի ծննդյան օրը: Թատերական մրցանակաբաշխությանը մասնակցելուց հետո Անին շտապում է կա´մ խնջույքին, կա´մ մայրիկին շնորհավորելու: Ըստ նրա` շատ է ցանկանում, որ թատրոնն ունենա լավ պայմաններ, որոնք էլ կառաջարկի իր դերասաններին: «Թատրոնի որևէ դերասան չի կարող թողնել այն, իսկ եթե ինչ-որ մեկը թողնում է, ապա հաստատ ստիպված է դա անում, քանի որ չի կարողանում ապրել»,- խոստովանեց Անին, ում համոզմամբ` թատրոնում շատ չնչին աշխատավարձով խենթ նվիրյալներ են աշխատում: -Բայց միևնույն ժամանակ, երբ դերասանի մոտ փոքր դադար է լինում, չեք պատկերացնի, թե ինչպես է կարոտում բեմը, թատրոնը, որովհետև թատրոնը կախարդական մեծ ուժ է պարունակում, մագնիսի նման ձգում է. այն ապրելակերպ է դառնում»: Դերասանուհին չմոռացավ շնորհավորել թատրոնի բոլոր աշխատակիցներին և գործընկերներին նորանոր դերեր, մրցանակներ մաղթեց:

Երևանի պետական Համազգային թատրոն 

Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին` ճանաչված դերասան Սոս Սարգսյանի կողմից: Թատրոնի պաշտոնական բացումը եղել է 1992թ. Էդուարդո դը Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսով (բեմադրությունը` Սոս Սարգսյանի):

 


Արմինե Պողոսյան 

«Յուրաքանչյուր դերասանի համար այդ օրը տոն է` ծննդյան օրվա նման: Թատրոնը ևս տարին մեկ անգամ նշում է իր ծնունդը: Նման օր չէր կարող չլինել»,- նշեց Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը: Ըստ նրա` թատրոնը արվեստներից լավագույնն է, որը կա և միշտ կլինի: «Ցանկացած դերասան, հանդիսատես այդ օրը մեծ ոգևորություն է ապրում. անկրկնելի օր է նաև հանդիսատեսի համար: Թատրոնը մեր կյանքի իմաստն է, առանց որի հնարավոր չէ ապրել»,- խոստովանեց դերասանուհին: Արմինեի փոխանցմամբ` տարիներ են եղել, որ Թատրոնի օրը ներկայացում են ունեցել, որից հետո մյուս թատրոնների աշխատակիցների հետ հավաքվել են ու նշել իրենց օրը. ««Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո արդեն մի քանի տարի է` խնջույք է կազմակերպվում, որի ընթացքում յուրաքանչյուր թատրոն իր երգը, ասմունքն է ներկայացնում և արդյունքում` ուրախ տոն է ստացվում»:

Ստեփան Ղամբարյան 

Դերասան Ստեփան Ղամբարյանի համար Մարտի 27-ն առանձնանում է հատկապես նրանով, որ այդ օրը բոլորը խոսում են թատրոնի մասին, իրենց լավ են զգում ու մասնակցում «Արտավազդ» մրցանակաբաշխությանը: «Ամեն տարի մտածում եմ, որ այդ օրը որևէ թատրոնի կամ դերասանի համար հիշարժան կլինի, որովհետև միակ օրերից մեկն է, որ հավաքվում ու խոսում ենք մեր սիրած թատրոնի մասին»,- ասաց Ստեփանը: Դերասանը հույս ունի, որ այս տարին իրենց թատրոնի համար կառանձնանա նրանով, որ վերջապես կունենան իրենց շենքը: «Մեր թատրոնի բոլոր աշխատակիցներն էլ անհամբեր սպասում են այն երազանքի իրականացմանը, որ ուներ Սոս Սարգսյանը: Հուսանք, որ Մարտի 27-ին գոնե սկիզբ կդրվի մեր թատրոնի համար նախատեսված շենքի կառուցմանը»,- նկատեց դերասանը:

Վարշամ Գևորգյան           

Համազգային թատրոնի դերասաններից Վարշամ Գևորգյանը մի քանի տարի մասնակցել է «Արտավազդին» ու դրանից հետո կազմակեպվող խնջույքին, սակայն վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով չի կարողանում ներկա գտնվել դրան ու նշել տոնը: Թատրոնի միջազգային օրվա մասին խոսելիս դերասանը ցանկություն հայտնեց, որ թատրոնը շարունակի ստեղծել նորն ու ժամանակակիցը: «Ցանկանում եմ, որ թատրոնը առաջին պլանում լինի, չէ՞ որ այդ հնարավորությունն ունի: Անկախ նոր երևությների ի հայտ գալուց` թատրոնը կարող է այնպիսի բաներ ստեղծել, որոնցով էլ կգրավի հանդիսատեսին ու իր նշանակությունը չի կորցնի: Իսկ դերասաններին ցանկանում եմ, որ հաճույքով անեն իրենց աշխատանքը, ինչն էլ հաճելի կլինի թատրոնի հանդիսատեսին»,-եզրափակեց դերասանը:

 

Երևանի պետական կամերային թատրոն 

Երևանի պետական կամերային թատրոնը պաշտոնապես բացվեց 1982թ. դեկտեմբերի 15-ին: Թատրոնը հիմնադրել ու մինչ  օրս ղեկավարում է Արա Երնջակյանը: Կամերային թատրոնում այժմ աշխատում են դերասաններ Արսեն Գրիգորյանը, Արշալույս Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը և այլք:

 


Լուիզա Ներսիսյան 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն էլ անմասն չի մնում Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունից և դրան հաջորդող խնջույքից: Անցած երեք տարիներին ընթացքում այդ խնջույքը հենց Լուիզան է վարել: «Լինելով դերասանուհի` անընդհատ տոնի մեջ ես, որովհետև պրեմիերաների, հանձնումների և, ինչու չէ, նաև փորձերի ուրախ ռիթմի մեջ ես լինում: Ինձ համար Մարտի 27-ը հատուկ ցնծություն ապրելու օր չէ, քանի որ որևէ լավ գործ անելիս եմ ուրախանում,- խոստովանեց դերասանուհին և ավելացրեց,- ավելի շատ կարևորում եմ դժվարություններով անցկացրած օրս»: Դերասանուհին համոզված է, որ այն մարդիկ, ովքեր թատրոնի` ստեղծագործական աշխատանքի մեջ են, աշխատում են իրենց վրա, ապա նրանք խնդիրները չեն նկատում,$որովհետև ամեն բան հուզական դաշտ է տեղափոխվում: «Արվեստի բոլոր նվիրյալներին ցանկանում եմ, որ անկախ տոնից` միշտ ստեղծագործական պրոցեսում լինեն, իրենց համար լավ նվաճումներ արձանագրեն և ամեն տարին նշեն գոնե մեկ պրեմիերայով»:

Անդրանիկ Հարությունյան 

Կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանի խոսքով` Թատրոնի միջազգային օրն իր ծննդյան տոնից էլ ուրախ է անցնում: «Իհարկե, նշում ենք մեր տոնը: Դերասաններով հավաքվում ենք թատրոնում, ուտում, խմում և ուրախանում ենք»,- ասաց Անդոն` կատակով ավելացնելով,- տարին մեկ անգամ լավ խմում ենք»: Ըստ նրա`  անցած տարի ինքը ներկայացված է եղել «Արտավազդ» մրցանակաբաշխությանը` որպես Տարվա լավագույն դերասան, սակայն այդ մրցանակին չի արժանացել: «Դրանից հետո այլևս չեմ էլ ուզում ներկայացված լինել, քանի որ հասկացել եմ, որ այն ինձ ոչինչ չի տալու: Ինձ համար ավելի կարևոր է իմ աշխատանքը կատարելը»,- նշեց Անդրանիկը: Ըստ նրա` իրենց թատրոնում բոլոր դերասաններն ուրախ են, քանի որ աշխատավարձից սկսած` ամեն ինչը լավ է այնտեղ: Իսկ մյուս բոլոր թատրոնների աշխատակիցներին ուրախ տրամադրություն ցանկացավ:


Թատերասեր` Արևիկ Իսաջանյան