Ռիչարդ Կլայդերմանի մատները սկզբում դանդաղ, հետո արագորեն սահում են դաշնամուրի վրայով…սկսվում է հրաշքը: Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահարը Հայաստանում հանդես եկավ անմոռանալի համերգով: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ մարտի 13-ին տեղի ունԵցավ տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը: Կլայդերմանը հայ հանդիսատեսին անմոռանալի ակնթարթներ պարգևեց:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա իր երևանյան համերգի ընթացքում ներկայացրեց սիրված և հայտնի բազմաթիվ ստեղծագործություններ, հատվածներ հայտնի ֆիլմերից, ինչպես նաև «Տիտանիկ»-ից: Հատուկ հայ ունկնդրի համար Կլայդերմանը կատարեց հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ից, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցեց Սթիվի Վանդերին:

 

Կլայդերմանը նաև բավականին լավ դերասան է. նա իր համերգը նաև փոքրիկ շոուներով էր ուղեկցում: Դաշնակահարն առատաձեռն գտնվեց, և իր բոլոր ստեղծագործությունների նոտաները բաժանեց հայ հանդիսատեսին: Իսկ երբ մի երկրպագուի բախտ չվիճակվեց վերցնել նրա նոտաներից, Կլայդերմանը որպես նվեր նրան առաջարկեց իր աթոռը: Բացի այդ, անվանի երաժիշտը բեմից փորձեց հայերեն բառեր արտասանել: Ամբողջ համերգն ուղեցվեց բուռն և անվերջ ծափահարություններով:

 

Ռիչարդ Կլայդերմանը համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսում խոստովանել էր, որ առաջին անգամ է Երևանում: «Ես 40 տարի կարիերա ունենալուց հետո առաջին անգամ եմ գալիս Հայաստան և ուրախ եմ: Միշտ էլ արտիստի համար հետաքրքիր է բացահայտել նոր երկիր: Հույս ունեմ, որ այլ այցերի հնարավորություն էլ կլինի: Իմ նպատակն է հաջողությամբ անցկացնել այս երկու համերգները: Ես շրջապատված եմ հրաշալի հայ երաժիշտներով, իրոք խանդավառված եմ, որ փորձեր եմ անելու նրանց հետ»,-նշել էր անվանի դաշնակահարը: Կլայդերմանի հաջորդ համերգը Հայաստանում մարտի 14-ին է՝ նույն թատրոն ի բեմում:

 

Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը (իսկական անունը Ֆիլիպ Էջեր) ծնվել է 1953-ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերն ստացել է երաժիշտ հորից' դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանին հայտնի դարձրեց հատկապես Պոլ դե Սեննեվիլի «Ballade Pour Adeline» գործը: Հանաճանաչ արտիստը համարվում է «աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը»: