ESem.am-ն իր ընթերցողներին հայտնել է, որ  դերասաններ Կարապետ Բալյանի և Անդրանիկ Հարությունյանի մասնակցությամբ «Քիթ Cut»  ներկայացման մեջ դերասանուհի Լիլի Միքայելյանին փոխարինելու է «Վիտամին» ակումբից Զառան, քանի որ ամուսնությունից հետո Լիլին առայժմ չի ներկայանալու թատրոնում և կինոյում: Ներկայացման նոր տարբերակի պրեմիերան կկայանա մարտի 31-ին՝ ժամը 19.00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

 

 

Ռեժիսոր և գլխավոր դերակատար Կարապետ Բալյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ներկայացումը զգալի փոփոխության է ենթարկվել: «Դժվարանում եմ համեմատել ներկայացման առաջին և երկրորդ տարբերակները. Լիլին ու Զառան անհամեմատելի են: Դա ասում եմ առանց վերապահումների: Երկուսն էլ փայլում են իրենց տեսակի մեջ: Զառայի հետ ներկայացումը մոտ 70%-ով փոխվել է, քանի որ այդ կերպարը շարժիչ ուժ էր և պետք էր հարմարեցնել նոր դերասանուհուն»,- ասաց նա ու հավելեց, որ սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանի հետ ամեն բան այնպես են վերամշակել, որ նոր դերակատար հետ նոր ներկայացում լինի:

 

 

Կարոն շեշտեց, որ ներկայացման կառուցվածքն ու ասելիքը նույնն են, մատուցման ձևն ու հումորները՝ այլ: «Դերը պետք է ստեղծվի՝ հաշվի առնելով դերասանի առաձնահակությունները, քանի որ թատրոնում առաջնային է եղել և մնում դերասանը»,- նկատեց բեմադրիչը, ով հակառակ մոտեցումը համարում է ոչ պրոֆեսիոնալ:

 

«Մեր ընտրությունը կանգ առավ Զառայի թեկնածության վրա, քանի որ, ճանաչելով նրան որպես տաղանդավոր դերասանուհի, համոզված էինք, որ Լիլիից հետո միայն Զառան կարող է իր ուսերին վերցնել այս դերը»,- ասաց Կարապետը:

 

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է հետագայում կրկին համագործակցեն Լիլիի հետ, նա պատասխանեց, որ մեր զրույցից առաջ Լիլիի հետ քննարկում էին հետագա ծրագրերը: «Այն պահին, երբ Լիլին և Զառան ցանկություն ունենան, մի օր մի դերասանուհին կխաղա, մի օր՝ մյուսը»,- ասաց ռեժիսորը:

 

 

Ինչ վերաբերում է ներկայացման վերաբերյալ արձագանքներին առաջին պրեմիերայից հետո՝ Կարապետն ասաց, որ դրանք անսպասելիորեն շատ դրական էին: «Ե՛վ Երևանում, և՛ մարզերում այն խաղացել ենք լեփ-լեցուն դահլիճներում: Մենք չէինք սպասում, որ առաջին իսկ ներկայացումներից լսարանի հետաքրքրությունն այդքան մեծ կլինի»,- ասաց բեմադրիչ-դերասանն ու հավելեց, որ լավագույն գովազդն ընկերոջ դրական կարծիքն է: Ըստ Կարոյի՝ հենց հանդիսատեսի ակտիվությունն է իրենց ստիպել ավելի մեծ թատրոն ընտրել՝ Կամերայինի բեմը փոխարինելով Պարոնյանով:


Հաջողություն մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը