Վերջին շրջանում հայտնիներից շատերը որոշել են նոր մասնագիտություն ձեռք բերել: Դերասանուհի Աննա Մանուչարյանը ևս տարվել է դիմահարդարմամբ: ESem.am-ի հետ զրույցում Աննան նշեց, որ Երևանի լավագուն դիմահարդարներից մեկի՝ Քրիստինա Վահանյանի շնորհիվ անցած ամռանը ծանոթացել է դիմահարդարման հմտություններին:

 

 

«Միշտ սիրել եմ այդ արվեստը ու շատ եմ զղջում, որ ավելի լավ տարիքում ինձ համար չեմ բացել այս գունավոր աշխարհի դռները»,- նկատեց Աննան՝ նշելով, որ միշտ մտածել է, որ մի օր կգա սովորելու ժամանակը: «Այնուհետև հասկացա, որ ժամանակն ինքն իրեն չի գալիս և պետք է որոշում կայացնել: Հետաքրքրվեցի ու մի քանի օր անց արդեն վայելում էի իմ առաջին դասը»,- պատմեց դերասանուհին, ում խոսքով՝ իր մասնագիտություններին ավելացել է ևս մեկը, որը չի խանգարում մյուսներին:

 

 

Աննայի փոխանցմամբ՝ դիմահարդարումը իր համար և´ մասնագիտություն է, և´ հոբբի: «Բնականաբար, առայժմ չեմ կարող իմ ամբողջ ժամանակը տրամադրել դիմահարդարմանը, բայց չի բացառվում, որ մոտ ապագայում այն դառնա ինձ համար առաջնային աշխատանք»,- նկատեց դերասանուհին, ով այս շրջանում շարունակում է աշխատել նաև որպես դիմահարդար: Աննայից տեղեկացանք, որ իր հաճախորդները ոչ միայն իր ընկերուհիներն են, այլև անծանոթները:

 

 

Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը՝ Աննան նշեց, որ այս շրջանում նկարահանվում է նոր գեղարվեստական ֆիլմում, որը կոչվում է «Շեն կենաս կամ be happy»: «Ֆիլմում մարմնավորում եմ մի աղջկա, ով իր քրոջ հետ քաղաքից գնում է գյուղ՝ հանգստանալու և հենց այնտեղ սկսվում է ամեն ինչ. երիտասարդների միջոցով ցուցադրվում է քաղաքի ու գյուղի մտածելակերպի բախումը»,- ասաց Աննան և խոստացավ մանրամասները փոխանցել ավելի ուշ:

 

 

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կկայանա այս տարվա կեսերին, իսկ ֆիլմում Աննայի քրոջը մարմնավորում է դերասանուհի Էվա Խաչատրյանը:

«Ստեղծագործական շատ ծրագրեր ունեմ, որոնք խմորման փուլում են: Հուսով եմ, որ իմ վաղեմի երազանքներից մեկը ևս կիրականանա այս տարի. բայց այդ մասին էլ կխոսեմ ավելի ուշ»,- ասաց դերասանուհին, ով այս շրջանում էլ շարունակում է ներկայանալ որպես հեռուստառադիոհաղորդավարուհի: Բացի այդ, Աննայի խոսքով, զբաղված է նաև աղջկա պարապմունքներով և նրա ապագան կերտելով:

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը