Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի համար աշխատանքային բուռն շրջան է: ESem.am-ի հետ զրույցում նա պատմել է նորությունների մասին, որոնք կան և՛ թատրոնում, և՛ կինոյում:

 

 

Դերասանուհին այժմ խաղում է «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացման մեջ, որի դերասանական կազմում փոփոխություններ են եղել: Նարեկ Դուրյանի բեմադրած «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացման մեջ այսուհետ կխաղան «Դոն ժուան ավիա» ներկայացման կանայք՝ Լուիզա Ներսիսյանն ու Թամարա Պետրոսյանը, ինչպես նաև՝ Ռաֆայել Երանոսյանը:

 

 

Այս ներկայացման մեջ Լուիզան ներկայանալու է ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի հետ: Նրա խոսքով՝ բեմում ամուսնու հետ խաղալը հեշտ է, սակայն պատասխանատու: «Որպես արտիստ՝ Հրանտ Թոխատյանն ունի իր ջերմությունն ու տաքությունը, որը զգում է հանդիսատեսը: Ինքն այն տեսակի դերասան է, այնպիսի էներգետիկա ունի, որ անընդհատ պետք է զգոն լինես և այնպես անես, որ հանդիսատեսի ուշադրությունից քեզ էլ բաժին մնա:),- ասաց Լուիզան և հավելեց,- Բացի այն, որ դու և խաղընկերդ պետք է հասկանաք իրար, նաև կա առողջ մրցակցություն, որպեսզի չխամրես: Խոսքը փորձաշրջանի մասին է, երբ սկսվում է ներկայացումը, ամեն ինչ իր տեղն է ընկնում»:

 

 

Կամերային թատրոնում ևս Լուիզան նորություն ունի: Դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ նա կխաղա «Ամնեզիա» ներկայացման մեջ:  Գոռ Մարգարյանի բեմադրած ներկայացման պրեմիերան կկայանա մարտի 10-ին: Լուիզան նշեց, որ սա հոգեբանական դրամա է, որտեղ ներկայացված է պրոբլեմատիկ ընտանիք:

«Տղամարդ-կին բախման  միջոցով փորձում ենք ինչ-որ ճշմարտության գալ: Տղամարդն ունի իր, կինը՝ իր ճշմարտությունը,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ մեկի «ճշմարտությունը» միանաշանակ հաղթանակ չի գրանցում: -Հանդիսատեսը մտածելու, խորհելու առիթ է ունենում: Յուրաքանչյուրը կբացահայտի իր ճշմարտությունը»: Ըստ Լուիզայի՝ իրականում իր և հերոսուհու ճշմարտությունները չեն համընկնում, քանի որ վերջինս էքսցենտրիկ, միաժամանակ, դեպրեսիայի հասած կերպար է:

 

 

Լուիզան վերջերս նկարահանվել էր նաև Ռոման Մուշեղյանի արկածային կատակերգությունում: Լուիզա Ներսիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Անժելա Սարգսյանի, Սերգեյ Դանիելյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմը նկարահանվել է Շրի Լանկայում: Դերասանուհին հայտնեց, որ նկարահանումները դեռևս չեն ավարտվել: Վերջին տեսարանները կնկարահանվեն, երբ Հայաստանում եղանակները տաքանան, որպեսզի անհամապատասխանություն չլինի:

 

 

Դերասանուհուց տեղեկացանք նաև, որ ինքն ու դերասան Արսեն Գրիգորյանը նկարահանվել են ամերիկացի ռեժիսոր Շոն Բեքերի «Tangerine» ֆիմում, որը հունվարի 23-ին ցուցադրվել է «Sundance» փառատոնի շրջանակներում: «Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել էր Արսենը, նրան ասել էին, որ հայ աղջկա կերպար էր պետք: Այդ փուլում ես ԱՄՆ-ում էի, նա զանգահարեց ու հարցրեց՝ կարո՞ղ եմ 10 օր ավել մնալ Լոս Անջելեսում: Հետո հանդիպեցի ռեժիսորին ու ստացա առաջարկը»,- պատմեց դերասանուհին՝ նշելով, որ ֆիլմն էմիգրանտ հայ ընտանիքի մասին է: Նրա խոսքով՝ «Magnolia Pictures» ընկերությունն այնքան էր հավանել ֆիլմը, որ գնել է բոլոր իրավունքները:

Առաջիկայում դերասանուհին կնկարահանվի նաև «Վերջին Մոհիկյանը» ֆիլմում: Լուիզան հայտնեց, որ  կներկայանա ուսուցչուհու  կերպարով, նկարահանումները հավանաբար կսկսվեն գարնան կեսին: