Անշուշտ, չի լինի գեթ մեկը, ով չողջունի «Եվրատեսիլում» մեր երկրի՝ այս տարվա մասնակցության ձևաչափը' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչների միասնական ելույթը եվրոպական գլխավոր բեմում, այն էլ' առավել քան խոսուն և խորհրդանշական «Don’t denay» («Մի° ժխտիր») կոչ-երգով: Ի դեպ, մեր տեղեկություններով, երգը գրել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը:


Թեև Հանրային հեռուստաընկերությունը դեռևս գաղտնի է պահում արդեն իսկ ձևավորված «Genealogy» («Ծագումնաբանություն») խմբի կազմը, այդուհանդերձ, պրպտելով «Եվրատեսիլի» կազմկոմիտեին մոտ կանգնած եվրոպական կայքերը (մասնավորապես' wiwibloggs.com-ը), կարելի է «բացահայտել» աշխարհի մայրցամաքները ներկայացնող հինգ հայ կատարողներին, ինչպես նաև հայաստանցի երգչուհուն: Նշենք, որ այս տեղեկությունները դեռևս պաշտոնական չեն, թեև խմբի սփյուռքահայ անդամներից մի քանիսը սոցկայքերում արդեն իսկ անուղղակիորեն ակնարկել են «Եվրատեսիլում» իրենց մասնակցության մասին: Ահա «Genealogy» խմբի հավանական վեցնյակը:


Եվրոպան ներկայացնող Եսայի Ալթունյանի անունը Հանրայինն օրերս արդեն բացահայտեց: Այս ֆրանսիացի երգիչ-երգահանը երգել է «Pop Idol» խմբում, ապա որպես մենակատար իր իսկ գրած երգերով մասնակցել է բազմապիսի հեռուստաշոուների, համագործակցել մաեստրո Միշել Լեգրանի հետ: Այժմ Եսային գործունեություն է ծավալում նաև ԱՄՆ-ում: Ինչ վերաբերում է Հայոց թեմային, ապա երգիչը, կարելի է ասել, մեծացել է Եղեռնի մասին պատմությունների ներքո: Նրա պապը' ջարդերից մազապուրծ եղած Նշանը, անգամ գիրք է գրել` նկարագրելով 1915-ին իր տեսած արհավիրքը: Ուստի պատահական չէ, որ վերջերս Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Եսային նկարահանեց «Je n’oublie pas» («Չեմ մոռանա») երգի տեսահոլովակը:


ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թամար Կապրելյանը ծնվել է Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում հայ-հրեա-բրիտանական ընտանիքում: Ներկայումս բնակվում և ստեղծագործում է Նյու Յորքում: Նա իր կարիերան սկսել է 2008-ին' հաղթելով հայտնի «One Republic» խմբի կազմակերպած մրցույթում: 2010-ին թողարկել է իր հեղինակային երգերի ալբոմը' ստեղծագործելով փոփ ռոք ոճում: Եղեռնի մասին լսել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում ծնված մորական պապիկից, ում ազգանունն էլ այժմ կրում է: Վերջերս էլ' փետրվարի 10-ին, «Թվիթերի» եվրատեսիլյան էջը Թամարին գրել է. «Վաղը Ձեզ համար հետաքրքիր լուր ունենք Հայաստանից: Երեկոյան պատրաստ սպասեք»...


Աֆրիկան ներկայացնող Վահե Թիլբյանն ապրում և ստեղծագործում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Նրա երաժշտությունը դժվար է մեկ բառով բնորոշել. ստեղծագործում է մի շարք ոճերում' ռոք, r&b, տեխնո և տարբեր ազգերի երաժշտություն... Առաջադրվել է մի քանի հեղինակավոր երաժշտական մրցանակների, 2012-ին թողարկել է «Mixology» ալբոմը, որը նրան մեծ հաջողություն բերեց միջազգային երգասպարեզում:


Ասիայի ներկայացուցիչ Սթեֆանի Թոփալյանը (հայրը ամերիկահայ է, մայրը' ճապոնուհի) ծնվել է Լոս Անջելեսում, սակայն երգչուհու կարիերան սկսել է Ճապոնիայում' 13 տարեկանում: Համագործակցելով հայտնի ճապոնացի պրոդյուսեր Ջո Ռինոյի հետ' ձայնագրել է բազմաթիվ երգեր, «Japan records awards 2007» մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Տարվա հայտնություն»:

 

Նույն տարում թողարկել է երկու ձայնասկավառակ: Նրա երգերը բազմիցս հնչել են անիմացիոն և գեղարվեստական ֆիլմերում: Այժմ ապրում է Տոկիոյում: Հայոց ցեղասպանության մասին շատ պատմություններ է լսել տատիկից' Գոհար Միքայելյան-Թոփալյանից, ում նախնիները գաղթել են Լիբանան, ապա ԱՄՆ:

 


Ավստրալիան կներկայացնի Աթենա Մանուկյանը, հունահայ արմատներով այս երգչուհին վերջերս հաստատվել է Սիդնեյում, որտեղ թողարկել է իր վերջին տեսահոլովակը: 2008-ին մասնակցել է «Մանկական եվրատեսիլի» Հունաստանի նախընտրական փուլին, թեև հաղթող չի ճանաչվել: Այսօր 19-ամյա այս երգչուհու տեսահոլովակների «YouTube»-յան դիտումների քանակը միլիոնի է հասնում: Իր արմատների մասին էլ վերջին հարցազրույցներից մեկում ասել է. «Ցավոք, դեռ չեմ եղել Հայաստանում, սակայն հորս շնորհիվ ճանաչել ու սիրել եմ հայրենիքս: Նաև հայեցի դաստիարակություն եմ ստացել»: Իսկ վերջում առաջիկա անելիքների մասին խոսելիս շեշտել է. «Մտադիր եմ ընդունել Հայաստանից ստացած հրավերը»...

 


Դե, իսկ հայաստանյան մասնակցին, որը, ըստ Հանրայինի խորհրդանշական սցենարի, պետք է համախմբի անմոռուկի թերթիկների հետ զուգակցվող վերոնշյալ հինգ երգիչներին, կարծում ենք՝ ներկայացնելու կարիք չկա: Ինգա Արշակյանին բոլորս ենք ճանաչում և սիրում' նրա հզոր ձայնի և կատարողական տաղանդի համար...

Աղբյուր` TV Մոլ