Դերասանուհի Մարիամ Շահինյանի մայրանալու մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին:Աղջկա ծնունդից հետո դերասանուհու կյանքն ամբողջությամբ փոխվել է. մեզ հետ զրույցում Մարիամը խոսել է փոքրիկ Արփիի մասին ու տրամադրել նրա առաջին լուսանկարները:

 

 

«Իսկապես, որ կյանքս ամբողջովին փոխվել է: Բայց խոսքս ոչ թե առօրյայի փոփոխության մասին է, այլ վերաիմաստավորվելու. այժմ չեմ պատկերացնում, թե ոնց եմ առանց նրա ապրել այսքան տարի: Կյանքում առաջին անգամ ինձ կարևոր մարդ եմ զգում. մի փոքրիկ, անպաշտպան էակ իմ կարիքն ունի միշտ»,- ասաց նորաթուխ մայրիկը:

 

 

Ըստ Մարիամի` մայրանալը գերագույն պարգև է: «Անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ իմ հերթն էլ հասավ պարգևատրվելու»,-շեշտեց դերասանուհին և նշեց, որ փոքրիկի համար փորձել են քառասունք պահել: «Քառասունք պահել ենք, բայց քանի որ Արփին Նոր տարուց առաջ ծնվեց, այս ընթացքում շատ հյուրեր ունեցանք ու ամբողջովին պահել չստացվեց, թեև շատ եմ կարևորում քառասունքը հենց առողջության տեսանկյունից»,- նշեց նա:

 

 

Մարիամի խոսքով` ամուսինը բոլոր հարցերում իր մեջքն ու հենարանն է: «Գիտեմ, որ միշտ պատրաստ է ինձ օգնել, սակայն Արփին այնպիսի երեխա է, որ առանձնապես օգնության կարիք չկա. շատ խելոք և կազմակերպված բալիկ է. իր հետ կապված ոչ մի հարցում չեմ դժվարանում»,- ասաց դերասանուհին և պատմեց, որ իր ամենամեծ օգնականը ամուսնու մայրն է, ով լողացնում է փոքրիկին ու օգնում իրեն ցանկացած հարցում:

 

 

«Արփին հրաշք բալիկ է, ժպտերես ու հասկացող. ամեն բան հասկանալով է անուն: Միշտ կարծես սպասում է, որ գործերս ավարտին հասցնեմ, նոր լաց լինի:)»,- ասաց Մարիամը և փոխանցեց, որ շաբաթը մի քանի անգամ անպայման զբոսանքի են գնում կամ պատշգամբ են դուրս գալիս` մաքուր օդ շնչելու և վիտամին «D» ստանալու:

 

 

Անդրադառնալով հարցին, թե ում է նման փոքրիկը, երիտասարդ մայրիկն ասաց. «Բոլորն ասում են, որ ինձ է նման, բայց սա, իհարկե, դեռ այն տարիքը չէ, որ դիմագծերը հստակ ձևավորված լինեն և հնարավոր լինի ասել, թե ում է նման: Կարծում եմ՝ մի տարի հետո ավելի պարզ կլինի»,- նկատեց Մարիամը:

 

Զրույցի վերջում նա եզրափակիչ խոսք խնդրեց:) «Կուզեի մի քանի խոսք ասել Արփիին. գուցե մեծանա և կարդա :) Շատ շնորհակալ եմ քեզ աղջիկս, որ ծնվածդ օրից միայն ուրախությամբ ու երջանկությամբ ես լցրել մեր տունը, մեր կյանքերը: Շնորհակալ եմ, որ գիշերները ինձ հետ քնել ու ինձ հետ արթնացել ես. դա բացառիկ երևույթ է: Շնորհակալ եմ, որ ծնվեցիր ու հենց դու ես իմ աղջիկը. սիրում եմ քեզ անսահման»,- ասաց Մարիամը:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը