Բրազիլական ավանդական կառնավալը փետրվարի 15-ի ուշ երեկոյան մոտեցել Է իր գագաթնակետին. Ռիո դե Ժանեյրոյում սկսվել Է բարձրագույն լիգայի սամբայի դպրոցների մրցույթ-շքերթը: Այն կտեւի երկու օր, ավելի ճիշտ՝ երկու գիշեր: Ընդհանուր առմամբ 12 կառնավալային կոլեկտիվներ կանցնեն «Մարքիզ դե Սապուկայի» սամբադրոմի յոթհարյուրմետրանոց մրցուղիով, որն ավելի շատ նման Է մի փողոցի, որի երկու կողմերին կառուցված են տրիբունաներ եւ օթյակներ, որոնք տեղավորում են շուրջ 70 հազար հանդիսականների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:   

 

«Մարքիզ դե Սապուկայի»-ում կառնավալային երթերը համարվում են բաց երկնքի տակ ամենաընդգրկունը: Ինչպես պնդում են տիեզերագնացները, կառնավալի ժամանակ լույսերով ողողված սամբադրոմը լավ Է երեւում նույնիսկ տիեզերքից:

 

«Մարքիզ դե Սապուկայի»-ի մրցուղի առաջինը դուրս Է եկել «Վիրադոուրու» դպրոցը, որը որոշել Է պատմել բրազիլական մշակույթում աֆրիկյան բաղադրիչի հարստության մասին: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ելույթն ուղեկցվել Է տեղատարափ անձրեւով, ինչը կառնավալի համար խոչընդոտ չի համարվում, քանի որ փետրվարին արեւադարձային Ռիո դե Ժանեյրոյում անձրեւները տաք են: