Ռեժիսոր Ելենա Աշակյանի նոր «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Տաթև Հովակիմյանը: Նա սովորում է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնի ավարտական կուրսում՝ Սոս Սարգսյանի անվան արվեստանոցում, նրա վարպետը բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանն է:

 

 

2006 թվականի մայիսի 3-ի Երևան-Սոչի ողբերգական չվերթի մասին ֆիլմի հերոսուհուն մարմնավորելու առաջարկը Տաթևը ստացել է ռեժիսորից, ով մինչ այդ իրեն տեսել էր թատրոնում: Դերասանուհու խոսքով՝ մինչ օրս չի նկարահանվել ֆիլմերում,  քանի որ շատ խիստ է ընտրել առաջարկները, նախընտրել է ներկայանալ ուսանողական ներկայացումներում:

 

ESem.am-ի հետ զրույցում Տաթևը շեշտեց, որ այս դեպքում իրեն անմիջապես գրավել է սցենարը, որը շատ գեղեցիկ էր գրված: «Ռեժիսորը՝ Ելենա Արշակյանը, ևս մեկ խթան էր, որ նկարահանվեի ֆիլմում: Երբ թատրոնում աշխատելուց հետո հասկանում ես, որ կարող ես լեզու գտնել ռեժիսորի հետ շատ լավ է, որովհետև թատրոնի և կինոյի ռեժիսորները շատ տարբեր են»,- նկատեց նա:

 

 

Այս ֆիլմում նկարահանվելը Տաթևի համար հեշտ չի եղել՝ հաշվի առնելով, որ աչքի առաջ ունեցել է հերոսուհու իրական նախատիպը և հուզիչ պատմությունը: «Երբ խաղում եմ թատրոնում, ես հորինում եմ իմ կերպարը, իսկ այս դեպքում գոյություն ունի իրական հերոսուհին, ում պետք է ներկայացնեմ: Դա շատ դժվար է, քանի որ դու սահմանափակվում ես և չես կարող երևակայել հերոսուհուդ»,- ասաց նա:

 

Տաթևը հայտնեց, որ հուզիչ հանդիպում է ունեցել իրական  հերոսուհու հետ: «Նրանից ստացել եմ չափից շատ էմոցիաներ: Շատ դժվար էր լսել պատմությունը, որովհետև դու պետք է ջնջես այն, նոր սկսես խաղալ. եթե ֆիլմի սկզբում սկսես խաղալ ողբերգությունը, շատ վատ կլինի»,- նկատեց դերասանուհին՝ հույս հայտնելով, որ կարողացել է արտահայտել այն զգացմունքները, որոնք լսել է պատմության ընթացքում:

 

 

«Ես անընդհատ մտովի հետ եմ գնում 2006 թվական, հիշում իմ ապրումները՝ դեպքի վերաբերյալ, երբ չէի էլ պատկերացնում, որ տարիներ անց կխաղամ այն աղջկա կերպարը, ով այդ ժամանակ ունեցել է այդ ողբերգությունը: Սոչի մեկնելիս  անընդհատ պատկերացնում էի, թե ինչ է եղել ինքնաթիռում տարիներ առաջ: Շատ ծանր էր… Մենք ներկայացնում ենք մեկի ճակատագիրը, բայց այն իր մեջ ամփոփում է բոլոր 113 ուղևորների  ճակատագրերը»,- ընդգծեց Տաթևը:

 

Նրա փոխանցմամբ՝ Սոչիի նկարահանումները շատ ծանր, բայց և՝ հետաքրքիր էին: «Ֆիլմում զատիկը խորհրդանիշ է աղջկա և տղայի համար: Երբ խաչքարի մոտ նկարահանում էինք անում, շատ հետաքրքիր մի բան եղավ. զատիկը կանգնեց իմ ձեռքին, ապա՝ խաչքարին: Դա շատ գեղեցիկ ու հուզիչ էր: Ես այնքան խորն էի ապրել ամեն բան, որ այդ նախանշանն ինձ վերագրեցի, ոչ թե իրական հերոսուհուն»,- հիշեց դերասանուհին:

 

 

Ֆիլմի թրեյլերի և սաունդթրեքի՝ Քրիստինե Պեպելյանի  «Անավարտ թռիչք» երգի տեսահոլովակի տարածումից հետո  երկու գերակշիռ կարծիքներ են շրջանառվում, առաջինը՝ ընտրված թեմայի հուզիչ լինելն է, երկրորդը՝  հերոսի՝ Տիգրան Մակարյանի ու Տաթևիկի համբույրի տեսարանները, քանի որ Հայաստանում մինչ օրս տաբու կա այս թեմայի վերաբերյալ:

 

«Հիմա եմ հասկանում, որ ես էլ, Տիգրանն էլ ռիսկային քայլ ենք արել: Ցավոք սրտի, Հայաստանում այդ տեսարանի քննարկումն ավելի կարևոր է, քան, օրինակ, ինչպես է դերասանուհին հոկտեմբեր ամսին նկարահանվել սառը ջրի մեջ,- ասաց նա՝ հավելելով, որ իր շրջապատում, ընտանիքում սատարում են իրեն: -Դերասանների մոտ ձևավորվում է թատրոնի և կինոյի մտածելակերպ: Այդ համբույրի տեսարանը մեզ համար աշխատանք է դառնում, թեև կոպիտ է հնչում: Եթե մենք դիտում ենք արտասահմանյան ֆիլմեր և մեզ հաճելի է դա դիտել, ինչո՞ւ չփորձել նաև Հայաստանում էլ ստեղծել ֆիլմեր, որտեղ կարելի է հանգիստ տեսնել, թե ինչպես են մասնագիտությամբ դերասանները համբուրվում կամ սիրո տեսարան խաղում: Ո՛չ թատրոնում, ո՛չ բեմում ես երբեք չեմ մտածել այդ մասին, որովհետև եթե դերասանուհի եմ, պետք է լինեմ բացարձակ ազատ»:

 

 

Տաթևիկը կրկնեց նաև Տիգրանի՝ ESem.am-ին ասած խոսքերը, թե ֆիլմից հետո ավելի շատ հարցեր կառաջանան, ապա նկատեց, որ դրանք գործընկերոջից «գողացված» խոսքեր են:)

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը