Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, նկարահանվել է գեղարվեսատական նոր ֆիլմում, որի մանրամասները վստահել է ESem.am-ին: «Ֆիլմի անունը դեռ վերջնական ընտրված չէ, այն գյուղացու և քաղաքացու փոխհարաբերությունների մասին է: Ես գլխավոր դերակատարն եմ՝ մարմնավորում եմ գյուղացի երիտասարդի»,- հայտնեց դերասանը: 

 

 

Անդոյի խոսքով՝ երիտասարդ գյուղացիները սիրում են նայել դեպի քաղաք, գալ Երևան, ավելի լավ գործ, ընկերուհի ունենալ, լավ մեքենա վարել ու քաղաքի կյանքով ապրել, իսկ գյուղատնտեսությունն ու հող մշակելը մնում են երկրորդ պլանում: «Նմանատիպ մի երիտասարդ էլ իմ կերպարն է: Նա ուզում է շատ արագ հայտնվել Երևանում,- ասաց դերասանն ու հավելեց, որ հերոսը ծիծաղելի տարբերակով է հայտնվում Երևանում: -Շատ հետաքրքիր, արկածային պատմությունների մեջ է ընկնում»:

Դերասանի փոխանցմամբ՝ ֆիլմը նկարահանվել է Երևանում և Նոյեմբերյանում: Իր խաղընկերներն են դերասաններ Լևոն Հարությունյանը, Արտաշես Մխիթարյանը, երգիչ Արսեն Սաֆարյանը: Ռեժիսորը Դավիթ Սիմոնյան է: Անդոն նշեց, որ ստեղծագործական անձնակազմում հիմնականում երիտասարդներ են: Ֆիլմի պրեմիերան կկայանա գարնանը՝ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին:

 

 

Անդրադառնալով գործունեությանը թատրոնում՝ Անդոն  հայտնեց, որ «Քիթ Cut»  ներկայացման մեջ դերսանուհի Լիլի Միքայելյանին փոխարինելու է «Վիտամին» ակումբից Զառան, քանի որամուսնությունից հետո Լիլին առայժմ չի ներկայանալու թատրոնում և կինոյում:

Փետրվարի 23-ից էլ դերասանը կխաղա նոր` «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ, որը ստեղծել են  Արմեն Վարդանյանի և Կարապետ Բալյանի հետ: Ըստ Անդոյի՝ տղաների հետ ևս մեկ հետաքրքիր նախագիծ է սպասվում, որի փակագծերը բացել առայժմ չի ցանկանում:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը