Երգիչ Արսեն Սաֆարյանի համար 2015-ը յուրօրիրինակ սկիզբ է ունեցել. նա նկարահանվել է գեղարվեստական նոր ֆիլմում, որի մանրամասները հայտնել առայժմ չի կարող, փոխարենը ESem.am-ին պատմել է կերպարի, որպես դերասան ներկայանալու բարդությունների մասին:)

 

«Տարին հետաքրքիր սկսվեց, քանի որ ստացա ֆիլմում նկարահանվելու առաջարկ: Սա ինձ համար նոր աշխարհ էր՝ իր հետաքրքիր դրսևորումներով: Ինձ համար էլ էր հետաքրքիր ինձ այնտեղ տեսնել: Ես ինձ պատկերացնում էի ֆիլմում, բայց չէի պատկերացնում այդ ակնթարթները. թե ինչքան հետաքրքիր, գրավիչ են, միաժամանակ ինչքան հեշտ ու դժվար է»,- ասաց երգիչն ու հավելեց, որ իրեն շատ հետաքրքիր կերպար են առաջարկել:

 

 

Երգիչը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, որն իրենից կտրականապես չի տարբերվում: «Կարող եմ ասել, որ կերպարս ամենակարող է  և բավականին մոտ է երկնքին:)»,- նշեց նա:

 

Նկարահանման ժամանակ ամենաբարդ փորձությունը, որ հաղթահարել է Արսենը, եղել է ցուրտը: «Ես 2 օր սառել եմ -4 -6 աստիճան ցրտին»,- ասաց երգիչն ու հավելեց, որ նկարահանումները կայացել են Հայաստանում:

 

Մասնագիտական առումով, ըստ Արսենի, ամենաբարդը կերպարի հետ նույնանալն էր: «Դերասանի համար ամենաբարդ իրավիճակն այն է, որ կերպարի հետ դառնա մեկ մարմին, որպեսզի ոչ թե հավատաս, որ լավ դերասան է, խաղում է իր դերը, այլ հավատաս, որ հենց նույն մարդն է,- ասաց նա ու հույս հայտնեց, որ իր մոտ դա ստացվել է: -Ֆիլմը դիտելուց հետո պարզ կլինի ստացվե՞լ է, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ պետք է ստացված լինի»:

 

 

Արսենի փոխանցմամբ՝ ֆիլմի ստեղծագործական թիմը երիտասարդ է և իր կարծիքով՝ տաղանդավոր:  «Կարծում եմ՝ շատ լավ, բարի ֆիլմ կստանանք, չեմ ասում՝ հանճարեղ և պայթուցիկ: Նպատակն այն է, որ հայ հանդիսատեսը ֆիլմը դիտելուց հետո ժպտա: Դա արդեն հաղթանակ կլինի»,- ասաց նա ու նշեց, որ ամենայն  հավանականությամբ, ֆիլմը պատրաստ կլինի ապրիլին:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը