Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի՝ ժողովրդական գործիքների համար գրած «Օրատորիա» ստեղծագործությունը երկարամյա ընդմիջումից հետո նորից կհնչի Հայաստանում: «Նարեկացի» համույթը ձեռնամուխ է եղել այս տարվա աշնանը ներկայացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գործը:


Նախաձեռնության հեղինակի`սփյուռքահայ երգիչ Պողոս Եղիազարյանի խոսքով՝ ամբողջական ստեղծագործությունը 30 տարի չի հնչել Հայաստանում:

 

«Այս տարի որոշեցինք «Նարեկացի»  արվեստի միության հետ «Օրատորիա»-ին երկրորդ շունչ հաղորդել և լավագույն ձևով ներկայացնել երաժշտասերների դատին: Ցանկանում ենք կազմակերպել մի քանի համերգ և ոչ միայն Երևանում: 1996 թվականին Կոստանդնուպոլսում նշեցինք կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հոբելյանը, և ես սիրահարվեցի նրա երաժշտությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Պողոս Եղիազարյանը:

 

Նրա խոսքով՝ ստեղծագործությունը հանրությունը կլսի աշնանը, քանի որ գարունը մշակութային առումով ծանրաբեռնված շրջան է: «Ստեղծագործությունն ազգային արժեք է: Հուսով եմ, որ մեզնից հետո այն կհնչեցնեն նաև այլ ստեղծագործական խմբեր»,-նշեց Եղիազարյանը:

 

«Նարեկացի» համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանի համոզմամբ՝ Խաչատուր Ավետիսյանը մեծ ժառանգություն է թողել: «Օրատորիա»-ն նրա գլուխգործոցն է: Կարծում եմ, որ այն կհնչի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մեզ հետ հանդես կգան նաև երգչախումբ և մենակատարներ»,-նշեց Հովիկ Սահակյանիը:

 

Բանաստեղծության հեղինակ Լյուդվիգ Դուրյանի թոռնուհի Լիա Արսենյանի խոսքով՝

Դուրյանների և Ավետիսյանների ընտանիքներն ուրախ են, որ ստեղծագործությունը նոր կյանք կստանա:

 

«Հնարավոր է, որ Խաչատուր Ավետիսյանի որդին այստեղ գա, և գուցե մեկ համերգ ինքն անցկացնի, քանի որ դիրիժոր է: Այս 30 տարում «Օրատորիա»-ն գրեթե բոլոր եվրոպական երկրներում երեք անգամ տարվա մեջ կատարում են: Այս տարի այն ապրիլի  24-ին և 25-ին կհնչի Գերմանիայում, ապրիլի 26-ին ԱՄՆ-ում, ինչպես նաև շատ այլ երկրներում»,-եզրափակեց նա:

 

Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Խաչատուր Ավետիսյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Մասնագիտական կրթությունն ստացել է սկզբում Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որի կոմպոզիտորական բաժինն ավարտել է 1960-ին։ Մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Իր ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957-ին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958-ից աշխատել է Հայաստանի պարի պետական անսամբլում որպես երաժշտական ղեկավար։ Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները՝ «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Ասում են թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ» և այլն: