Հայ կինոսերները փետրվարի ընթացքում կդիտեն թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան արտադրության բազմաժանր ֆիլմեր:  «Մոսկվա» կինոթատրոնն անակնկալ է պատրաստել բոլոր կինոսերների համար՝ հնարավորություն ընձեռելով մեծ էկրաններին դիտել ոչ միայն տեղական արտադրության, այլև ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված ֆիլմերը: Կինոթատրոնից «Ա րմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն` փետրվարի 5-ին էկրաններին միանգամից երկու ֆանտաստիկ կինոնկար կհայտնվի:


Հայ կինոսերները հնարավորություն կստանան դիտել «Օսկար»  մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմը: Կինոնկարն անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին է, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս անվանի դերասաններ Բենեդիկտ Քամբերբեչը և Քիրա Նայթլին:

 

Վաչովսկի եղբայրների «Յուպիտերի վերելքը» ֆիլմը ևս հնարավոր կլինի դիտել փետրվարի 5-ին: Ֆանտաստիկ ժանրի մարտաֆիլմում խաղում են Միլա Կունիսը և Չեյնինգ Թեյթումը:

 

 

Ռեժիսոր Մեթյու Վոննի «Քինգսմեն.գաղտնի ծառայություն» կինոնկարն էլ էկրաններին կհայտնվի փետրվարի 12-ին: Մարտաֆիլմում խաղում են Քոլին Ֆերթը և Սեմուել Լ. Ջեքսոնը:

 

 

Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող  «Սպի» ֆիլմը վարձույթում կհայտնվի փետրվարի 19-ին: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած  հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի  իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց  փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք:

 

Ռեժիսորներ և սցենարիստներ Գլեն Ֆիկարայի և Ջոն Ռեկուայի «Ֆոկուս» դրաման հնարավոր կլինի դիտել փետրվարի 26-ից: Կինոնկարում խաղում են Ուիլ Սմիթը և Մարգո Ռոբբին:

 

 

Հայկական արտադրության ֆիլմերի սիրահարները փետրվարի 10-ից կդիտեն Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» դրաման, իսկ փետրվարի 20-ից՝ Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» մելոդրաման: Վերջին ֆիլմում հանդես են գալիս դերասաններ Սերժ Ավետիքյանը, Լուիզա Ղամբարյանը, Գայանե Ասլամազյանը, Անի Երանյանը, Արփինե Իսրայելյանը և այլք:

 

 

 

 

Ռեժիսոր Արա Երնջակյանն էլ փետրվարի 26-ից հրավիրում է դիտել իր նոր՝ «Ժաննա» մելոդրաման: