Երգչուհի Սոնա Շահգելդյանը և ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանն օրերս տեսահոլովակ են նկարահանել իրենց զուգերիգի՝ «Սարերի հովին մեռնեմ» երգի հիման վրա:

 

«Մեր հին հայկական, ժողովրդական գեղեցիկ երգն է՝ Հովհաննես Բադալյանի մշակմամբ: Մենք էլ մեր յուրօրինակ կատարումով ավելի ենք գեղեցկացրել այն: Ոչինչ չենք փոխել, քանի որ ես սիրում եմ, որ էդպիսի երգերը մատուցվեն էնպիսին, ինչպիսին կան»,- ESem.am-ին ասաց երգչուհին՝ հավելելով, որ Արեգ Առուստամյանը նոր գործիքավորում է արել:

 

 

Սոնան նշեց, որ այս երգը ոչ մի անգամ չի հնչել զուգերգի տարբերակով: «Սևակի հետ այն դուետով ներկայացնելու մտահղացումը իմն ու մայրիկինս էր: Ամեն ինչ նրա հետ եմ արել, քանի որ միշտ հաշվի եմ առնում իր խորհուրդները: Զգեստներն էլ ես, մայրիկս և ռեժիսորն ենք ընտրել»,- ասաց երգչուհին և հավելեց, որ որոշել են անպայման տեսահոլովակ նկարահանել, որովհետև այս ստեղծագործությունը մնայուն արժեք է:

 

 

Սոնայի խոսքով՝ տեսաահոլովակը ֆիլմ է հիշեցնում, ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է: «Նա շատ տաղանդավոր է և տարբերվող՝ իր մտածելակերպով, ճաշակով: Դրա համար էլ իրեն եմ վստահել: Տեսահոլովակի սյուժեի հիմքում վերադարձն է դեպի հայրենիք: Այնպիսի սյուժե է ստեղծել, որպեսզի գաղթած մարդկանց ստիպի վերադառնալ հայրենիք»,- նշեց երգչուհին: 

 

 

Սոնան հայտնեց, որ  նկարահանումները տևել են 2 օր, իրենք 3 վայրում են նկարահանումներ արել՝ տաղավարում, արգելոցում և պատկերասրահում, ինքն ու Սևակն էլ 3 կերպարով են ներկայացել: «Արգելոցի տեսարաները նկարահանելիս շատ ցուրտ էր, սակայն դա մեզ չխանգարեց: Շատ գեղեցիկ տեսարան է ստացվել,- ասաց նա՝ հավելելով, որ պրեմիերան հավանաբար գարնանը կկայանա: -Մենք այս տեսահոլովակը նվիրում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակին»:

 

 

Մինչ այդ՝ փետրվարին, Սոնան իր երկրպագուներին կներկայացնի մեկ այլ տեսահոլովակ: «Մի շատ գեղեցիկ տեսահոլովակ եմ մոնտաժել, կրկին Արմենի հետ եմ համագործակցել: «Նոր ալիք» մրցույթի կադրերն ենք վերցրել և շատ գեղեցիկ տեսահոլովակ մոնտաժել»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ այդ տեսահոլովակով ներկայացնում է մրցույթում կատարած 3 երգերի միքսը:

Զրույցի վերջում Սոնան նշեց, որ չի դադարում աշխատել և այս տարի շատ աշխատանքներ ունի:

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը