Երգչուհի Լիլիթ Կարապետյանն Ամանորը դիմավորելու է աշխատանքային միջավայրում: Նոր տարվա գիշերը նա մի քանի տեղ է աշխատելու, սակայն առաջին աշխատավայրն այնպես է ընտրել, որ մոտ լինի իր տանն ու 12 զանգերի ժամանակ ընտանիքի կողքին լինի:

 

«Պիտի փորձեմ 23:50 գալ տուն, 00:10 վերադառնամ աշխատանքի, բայց թեկուզ տասը րոպեով տանը՝ ընտանիքի հետ լինեմ»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին՝ հավելելով, որ ավելի ուշ աշխատավայրում  ընտանիքն իրեն է միանալու:

 

 

Լիլիթը որդու հետ է զարդարել Տոնածառը, քանի որ դա Կարենի ամենասիրելի գործն է: «Շատ զգույշ բերում է խաղալիքները, որ չկոտրի ու օգնում է ինձ: Այս տարի զարդարել եմ կապույտ, կարմիր երանգների մեջ, քանի որ դրանք են տարվա խորհրդանշական գույները»,- ասաց Լիլիթը:

 

Երբ խոսում էինք  երգչուհու հետ, նա համոզում էր որդուն ասել, թե ի՞նչ է ուզում Ձմեռ պապուց:  «Մոտ 20 օր է, ես Կարենին ասում եմ՝ ասա ի՞նչ ես ուզում Ձմեռ պապուց: Քիչ առաջ էլ նրան ասում էի, որ տալիս եմ թուղթ ու գրիչ ու պիտի գրի, թե ինչ է ուզում Ձմեռ պապիկից: Ասացի, որ Ձմեռ պապին ասել է՝ եթե այդպես շարունակես, նվեր չեմ բերի, ավելի լավ է, չգամ էլ»,- ասաց մայրիկն ու հավելեց, որ ամեն դեպքում որդին դեռ չի ասել, թե ինչ է ուզում: «Նրա աչքը շատ կուշտ է: Եթե անգամ մի բան չգնեմ իր համար, տպավորություն է, թե նա ունեցել է դա: Վերջին տարբերակում Կարենչոյի սիրած բաներից մեկը կգնեմ»,- ավելացրեց երգչուհին:

 

Ըստ նրա՝ որդին մեծ անհամբերությամբ է սպասում Ձմեռ պապիկին: «Պարզապես խեղճ երեխայիս բախտը չի բերում: Արդեն քանի տարի է, Ձմեռ պապիկ ենք հրավիրում, այն Ձմեռ պապին չի լինում, որ երեխայի մոտ վառ տպավորություն թողնի»,-  ասաց Լիլիթը՝ հույսով, որ այս տարվա Ձմեռ պապին իսկական կլինի:)

 

 

Նախատոնական աժիոտաժին Լիլիթն այս տարի չի հասցրել մասնակցել, քանի որ  նկարահանումները շատ են եղել: Ինչ վերաբերում է ամանորյա սեղանին՝ Լիլիթը նախընտրում է հայկական  ավանդական տարբերակը. «Ինձ համար Նոր տարվա սեղանի ամենասպասված, համեղ կերակուրը  բուդն է: Ուր էլ գնամ, պիտի փորձեմ բդից:)»:

Երգչուհին նշեց, որ  շատ է սիրում Ամանորը: «Որդուս ծննդյան տոնից հետո սա իմ ամենասիրած տոնն է, ավելի, քան տարեդարիս օրը: Այն ո՛չ ազգություն է ճանաչում, ո՛չ տարիք… 12 զանգերի ընթացքում գրում եմ երազանքս, վառում, գցում շամպայնի մեջ ու խմում»,- ասաց Լիլիթն ու շեշտեց, որ Նոր տարին միակ առիթն է, երբ ինքն ալկոհոլ է օգտագործում և 1 բաժակ շամպայն խմում:

 

 

Լիլիթը հայտնեց, որ 2014-ին մտապահել էր տեսահոլովակ ունենալ և քայլեր անել իր ասպարեզում: «Ինձ համար շատ լավ տարի էր: Աշխատանքային առումով 2014-ը բումային էր՝ 2 իրարից տարբերվող տեսահոլովակ ունեցա: Անձնականին ոչ մի գնահատական չեմ տա, որովհետև դրա հետ կապված ոչինչ չեմ էլ արել: Անձնականն ինձ միշտ  խանգարում էր»,- նկատեց երգչուհին, ով չի բարձրաձայնում 2015-ի երազանքը: Նրա խոսքով՝  հաջորդ տարվանից  դրական  սպասելիքներ ունի, իսկ իր ամենամեծ ցանկությունն այն է, որ  բոլոր երեխաներն առողջ լինեն: Լիլիթն ընդգծեց, որ միայն դրանից հետո է անձնավորված երազանքներ պահում:


ԱՄ'անորյա տրամադրությամբ՝ Ամալյա Հովհաննիսյան