Դերասան Գուրգեն Մելքումյանը, ով ժամանակին նկարահանվել է «Բանակում» սերիալում, հայր է դարձել: Դերասանի կինը՝ Արփինեն, դեկտեմբերի 24-ին արու զավակ է պարգևել նրան: Փոքրիկին Գուրգենի հոր անունն են տվել՝ Վարդան: Ըստ դերասանի՝ մինչև Արփինեին հանդիպելն ու ամուսնանալն արդեն որոշել էր, որ առաջնեկ տղային հոր անունն է տալու:

 

Վարդանը լույս աշխրահ է եկել 3.2 կգ քաշով ու 50 սմ հասակով: ESem.am-ի հետ զրույցում Գուրգենը նշեց, որ նորածին տղան և՛ իրեն է նման, և՛ կնոջը: «Ասում են շատ նման է ինձ, բայց մաշկի գույնը կնոջինս է: Ես ու Արփինեն նման ենք իրար, այնպես որ փոքրիկը երկուսիս էլ նման է»,-ասաց նորաթուխ հայրիկը:

 

 

Դերասանը պատմեց, որ որդուն առաջին անգամ տեսնելու համար հատուկ պատրաստվել է: «Տղայիս ծնվելուց հետո սափրվեցի, մազերս կտրեցի և երբ հարցրեցին՝ թե ուր եմ գնում, ասացի՝ տղայիս հետ ծանոթանալու: Տեսա նրան, ասացի՝ բարև թագավոր, ես քո պապան եմ՝ Գուգոն, դու էլ Վարդանն ես. Վարդանն էլ պապիկիդ անունն է»,- պատմեց նա:

Ըստ Գուրգենի՝ դեռ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում իր հետ: «Այժմ մտածում եմ, որ ամբողջ կյանքում պիտի պատասխան տամ իր համար: Միայն այն միտքը, որ նա երկրագնդի ամենամաքուր էակն է ու քո հարազատն է, արդեն ուրախալի է»,-ասաց Գուրգենը, ում փոխանցմամբ՝ կինն էլ, փոքրիկն էլ իրենց լավ են զգում, տանն արդեն բոլորը սպասում են փոքրիկ Վարդանին:

 

 

Դերասանը չկարողացավ թաքցնել ուրախությունը և նշեց, որ բոլորին ցանկանում է նույն երջանկությունը, նույնիսկ իր թշնամիներին, եթե այդպիսիք կան:

ESem.am-ը շնորհավորում է Գուրգենին ու կնոջը և անհոգ մանկություն մաղթում փոքրիկ Վարդանին:


Ուրախալի լուրը՝ Արևիկ Իսաջանյանի