Հայ դաշնակահարուհի Նարե Արղամանյանն աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հրավերով հաջորդ տարի համերգով հանդես կգա Ժնևում: Տաղանդավոր դաշնակահարուհին 2015 թվականի փետրվարի 5-ին ելույթ կունենա Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում: «Մեծամասամբ հայկական ստեղծագործություններ եմ կատարելու և այնպիսի գործեր, որոնք ցեղասպանության թեմային են առնչվում: Շառլ Ազնավուրը ևս ներկա կլինի այդ համերգի ն»,-«Արմենպրես»- ի հետ զրույցում տեղեկացրեց Նարե Արղամանյանը:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դաշնակահարուհին ելույթներով հանդես կգա նաև այլ երկրներում: Արղամանյանը ողբերգական իրադարձությանը նվիրված մի քանի համերգով արդեն հանդես է եկել շվեյցարական մի շարք քաղաքներում:

 

«Վերջին շրջանում զգացել եմ, որ բավականին հետաքրքրությամբ են ընդունում հայկական երաժշտությունը և հայ կոմպոզիտորներին: Այլ երկրներում հաճախ եմ սկսել կատարել Խաչատրյանի ստեղծագործություններից՝ մանավանդ Դաշնամուրի կոնցերտը: Այս համերգաշրջանում մոտ 7-8 անգամ միայն Խաչատրյանի կոնցերտն եմ նվագել տարբեր նվագախմբերի հետ: Եվրոպացիներից շատերը հուզվում են հայկական երաժշտություն լսելիս, շատերը, որ ընդհանրապես չէին լսել, մոտենում էին և ասում, որ նման երաժշտություն երբևէ չեն լսել»,-նշեց դաշնակահարուհին:

 

Նարե Արղամանյանը հավելեց նաև, որ հաջորդ տարի Վիեննայում կկազմակերպվի ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ, որին դաշնակահարուհին հանդես կգա ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, երգչուհի Հասմիկ Պապյանի հետ: Նույն համերգը կկազմակերպվի նաև Պրահայում:

 

Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը ծնվել է 1989 թվականին և սկսել դաշնամուր նվագել 5 տարեկանից: Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 2004 թվականին 15 տարեկանում դարձել է Վիեննայի երաժշտության և արվեստների համալսարանի ամենաերիտասարդ սաներից մեկը:  Հանդես է եկել բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ, բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: