Մոսկվայում դեկտեմբերի 2-9-ն անցկացվել է Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը: Մրցույթին մասնակցել է 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղասախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թայլանդից:


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ այս տարվա հոբելյանական մրցույթին Հայաստանից մասնակցել են Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար Պոլինա Շարաֆյանը (դասատու` պրոֆեսոր Ալ. Կոսեմյան) և շեփորահար Դանիել Մելքոնյանը (դասատու` դոցենտ Գ. Սարգսյան):

 

Տասնչորսամյա Դանիել Մելքոնյանը արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի, իսկ 12-ամյա Պոլինա Շարաֆյանը՝ դիպլոմի:

Դանիելը հանդես է եկել Գեդիկեի, Ռախմանինովի, Բարայի, Գումմելի ստեղծագործություններով: 

Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթն անցկացվել է 3 անվանակարգով՝ դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:

 

Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատվել են անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից: 

Ամենամյա այս մրցույթը հիմնադրվել է դեռևս 2000 թվականին «Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքի կողմից: Իր տեսակի մեջ եզակի այս երաժշտական մրցույթը մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը՝ դասական երաժշտության բնագավառում:


Տարիների ընթացքում մրցույթն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի մեկուկես տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրիա, Բուլղարիա, Բելառուս, Հունգարիա, Վրաստան,  Ղազախստան, ԱՄՆ, Կանադա, Կորեա, Ֆրանսիա, Լատվիա, Շվեդիա, Ճապոնիա և այլն: Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները: 


«Շչելկունչիկ» մրցույթին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են ակտիվ մասնակցություն՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր. 2006 թ. Էմմանուել Ճգնավորրյանը (ջութակ) ստացել է «Արծաթե Շչելկունչիկ 2006», 2009 թ. Դիանա Խաչատրյանը (դաշնամուր)՝ դիպլոմ, 2011 թ. Եվգենիա Աբրահամյանը (դաշնամուր)՝ դիպլոմ, 2012 թ. Դիանա Ադամյանը (ջութակ)՝ «Արծաթե  Շչելկունչիկ 2012»: