Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում դեկտեմբերի 4-8-ը կայացել է «Ռիգա Սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը:  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի և «Դո -Ռե-Մի» վոկալ դպրոցի չորս սաները, ովքեր տարբեր տարիքային խմբերում արժանացել են մրցանակների. Մերի Ավետիսյանը «Միջազգային հիթ» անվանակարգում» արժանացել է Գրան պրի մրցանակի, Հարություն Մկրտչյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակի և ոսկե մեդալի, Վահագն Կարապետյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակի և ոսկե մեդալի, Հովսեփ Աբրահամյանը «Միջազգային հիթ» անվանակարգում՝ 2-րդ մրցանակի և արծաթե մեդալի:

 

Հայաստանի Հանրապետության պատվիրակ Մերի Ավետիսյանին ժյուրիի միաձայն որոշմամբ շնորհվել է նաև «Ռիգա Սիմֆոնիա-2014» երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրին:

 

«Ռիգա Սիմֆոնիա-2014» մրցույթ-փառատոնը կազմակերպել էր մանկական երաժշտության եվրոպական կենտրոնը: Այն անցկացվել է «Ակադեմիական երգեցողություն», «Միջազգային հիթ», «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն», «Հեղինակային երգ», «Լատվիացի կոմպոզիտորի ստեղծագործություն» անվանակարգերում: Մրցույթին հանդես է եկել 200 մասնակից` 18 երկրից: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված է եղել Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ և «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակ ոսյանը: