Մանկական խառնաշփոթ մեծերի կյանքում. եթե երազանքդ իրականացել է, դա դեռ չի նշանակում, որ ամեն բան այնպես է, ինչպես կուզիր… Մոսկվա կինոթատրոնում երեկ կայացավ «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի առաջնախաղը:


Լիդուշիկի, Արեգ Գալոյանի, Լիլիթ Թոխատյանի, Տաթևիկ Պողոսյանի,  Արթուր Կարապետյանի, Լիա Զախարյանի, Արփինե Իսրայելյանի, Դիանա Գրիգորյանի, Գայանե Ավետիսյանի, Աննա Մանուչարյանի, Սարգիս Թաշչյանի, Վարդան Արզումանյանի, Բենո Ավետիսյանի, Լորանդ Դեմիրճյանի, Արման Հովհաննիսյանի, Արմեն Մարգարյանի, Արսեն Հակոբյանի, Արթուր Պետրոսյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆանտաստիկ կինոկատակերգությունը դուր եկավ դերասանուհի Անի Երանյանին: Վերջինս ներկա էր պրեմիերային, քանի որ ֆիլմի հեղինակել է «Խաղ իմ կանոններով» կինոնկարի ստեղծագործական կազմը:

 

 

«Շատ լավ, մանկական հետաքրքիր ֆիլմ էր: Ինձ համար կարևորն այն է, որ ընկերներս արեցին երկրորդ  աշխատանքը և արդեն հանդես եկան որպես ռեժիսոր: Ինձ համար ամենագնահատելին է, որ իրենք փորձում են ինչ-որ բան անել ու ստացվում է: Կարծում եմ՝ հետագայում շատ ավելի լավ բաներ են անելու»,-ESem.am-ին ասաց Անին:


 

Դերասանուհի Լիա Զախարյանն ակնկալածից ավելի լավ տպավորություն է ստացել ֆիլմը դիտելիս: Այս ֆիլմում նա նկարահանվել է նաև բաց տեսարաններում: «Հեշտ չէր, քանի որ այն, ինչ զգում էի, ոչ ոք չի տեսել. ո՛չ ռեժիսորը, ո՛չ պրոդյուսերը: Ես իմ ներսում փորձեցի հաղթահարել դա: Առավել դժվար էր, քանի որ խաղընկերս շուն էր, ոչ թե մարդ: 

 

Հուսով եմ՝ պատվով դուրս եկա այդ ամենի տակից: Թող շատ չքննադատեն, փորձել եմ չափի մեջ լինել»,- ESem.am-ին ասաց Լիան: Ըստ նրա՝ չստացված կադրերում գուցե ավելին է երևացել, բայց մոնտաժի արդյունքում ամեն ինչ չափի մեջ է երևում: «Իրականում լրիվ մերկ չէի, ինչ պետք է՝ փակ էր:)»,- ասաց նա, իսկ հարցին՝ լոգարանի տեսարանում մինչև գոտկատեղը մերկացե՞լ էր, նա պատասխանեց, որ չի հիշում:)

 

 

Երգչուհի Լիդուշիկի խոսքով՝ տպավորված է ֆիլմով: Նրա համար ֆիլմն առավել ծիծաղելի էր, քանի որ ամեն դրվագի հետ հիշել է նկարահանման ընթացքն ու  զավեշտալի պահերը: Երգչուհին մարմնավորում է Արփինե Իսրայելյանի մանկությունը: «Միասին պայմանավորվել էինք ժեստեր, որոնք երկուսս էլ կանենք: Այդ ընթացքում ես ու Արփինեն այնքան ընդհանրություններ գտանք, որ մենք էլ էինք զարմացել»,- ասաց Լիդուշիկը:


 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը դրական տպավորություն է ստացել ֆիլմից: Անդրադառնալով դստեր՝ Լիլիթ Թոխատյանի խաղին՝ նա ասաց, որ խոշոր պլաններում աղջիկն անկեղծ էր խաղում, իսկ ահա միջին պլաններում դերասանուհի մայրիկը որոշ բացթողումներ է նկատել:) «Ես իրեն կոգևորեմ, իսկ մասնագիտական դիտողություններս քիչ-քիչ կբացատրեմ, որպեսզի հետո սխալներ թույլ չտա»,- ասաց Լուիզան և հավելեց, որ տեսնում է դստեր ոգևորությունը ու եթե նա ծնողների ճանապարհը շարունակելու ցանկություն ունենա, ինքը չի խանգարի: «Սակայն չեմ էլ խթանի, որ առաջ գնա: Թող իր քայլերն անի»,- ավելացրեց մայրիկը:

 

 

Լիլիթիկն էլ ասաց, որ առաջին անգամ էր դիտում ֆիլմը: Փոքրիկ դերասանուհին շատ է հավանել ֆիլմում թե՛ իր, թե՛ ընկերների խաղը:

Դերասանուհի Դիանա Գրիգորյանի խոսքով՝  ֆիլմը բարի է, իրեն հատկապես դուր է եկել խմբակային աշխատանքը, որի շնորհիվ  ստացվել է վերջնական արդյունքը: «Այստեղ չկային գլխավոր ու երկրորդական դերեր, բոլորը մի պատմության մեջ էին»,- ասաց նա ու հավելեց, որ սա առաջին գեղարվեստական ֆիլմն էր, որում նկարահանվել է:

Ֆիլմի երաժշտական հատվածներն ապահովել են «Գիգաբիթ» խմբի տղաները:

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչյանի 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը