Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին և Կոմիտասի անվան պետական քառյակին  Հայաստանի կառավարությունը կշնորհի «ազգային» կարգավիճակ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում:  


«Հաշվի առնելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական քառյակի բացառիկ դերը դասական երաժշտության պրոպագանդման և արմատավորման գործում, հայ և օտարերկրյա ունկնդիրներին Հայաստանի մշակույթը լավագույնս ներկայացնելու ասպարեզում, ինչպես և միջազգային հանրության շրջանում վաստակած բարձր վարկանիշը, միջնորդում ենք «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շնորհել «ազգային» կոչումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է նախագծի հիմ նավորման մեջ:

 

Վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925 թ.-ին, որպես Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ: Հայաստանի պատմության մեջ այն առաջին սիմֆոնիկ նվագախումբն էր, որը դարձավ Հայաստանում հետագայում ձևավորվող բոլոր սիմֆոնիկ և օպերային նվագախմբերի հիմքը: Նվագախմբի հիմնադիրներն էին` հայ երաժշտության դասական Ալեքսանդր Սպենդիարյանը և աշխարհահռչակ գեղագետ Արշակ Ադամյանը:

 

Կոմիտասի անվան քառյակը ստեղծվել է 1924 թ. նոյեմբերին Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ Ավետ Գաբրիելյանի, Լևոն Օհանջանյանի, Միքայել Տերյանի և Սարգիս Ասլամազյանի նախաձեռնությամբ: 1925 թ. հունվարի առաջին օրերին սկսել է իր կանոնավոր փորձերն ու պարապմունքները` պրոֆեսոր Ե. Մ. Գուզիկովի ղեկավարությամբ: 1925-1931 թթ. քառյակը համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում և Հայաստանում, իսկ 1931 թ-ին արժանացել է Հայկական ՍՍՀ պետական կվարտետի կոչման:

 

1932 թ. մայիսին Հայկական ԽՍՀ կառավարությունը քառյակին շնորհել է Կոմիտասի անունը՝ դեռևս մեծ երգահանի կենդանության օրոք: