Հայ ժողովրդի ճակատագիրը մշտապես այնպես է դասավորվել, որ թե արտաքին, թե ներքին թշնամու պատճառով արտագաղթը մեզանում անպակաս է եղել: Թե պատերազմական, թե խաղաղ պայմաններում հայրենի եզերքից հեռացած ու օտար ափերում հաստատված հայը միշտ էլ փորձել է իր շուրջ համախմբել հայրենակցին, թև ու թիկունք լինել նրան, ստեղծել իր օջախն ու պահել հայի գենը, արմատն ու ինքնությունը:

 

Ռեժիսոր, դերասանուհի, «Ընտանեկան պատմություններ» մանրապատումներից հանրությանը հայտնի Արևիկ Օրբելյանը վերջերս է վերադարձել Դոնի Ռոստովից և սրտի մեծ կսկիծովPressIdent.am-ին պատմեց ռուսական՝ հայկական հնամենի համայնք ունեցող այդ քաղաքում ձևավորված նոր համայնքի մասին, որը ուծացման վտանգի առջև է: Օտար ափերում ձուլվելու վտանգի դեմ պայքարելու, հայի միակ փրկությունը իր հավատը, մշակույթն ու լեզուն են եղել:

 

 

Ռեժիսոր, դերասանուհի Արևիկ Օրբելյանից տեղեկացանք, որ Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Տիրանի գլխավորությամբ հայկական համայնքը միասինական է դարձել ու, շնորհիվ այժմ այնտեղ ապրող հայ արտիստների, մեր երեխաներն աստիճանաբար մոտենում են մայրենի գրականությանը, մշակույթին ու հավատքին:

 

Օտար ափերում իրենց հացը վաստակող գործիչներն այսօր աշխատում են ոչ միայն իրենց մասնագիտությամբ, այլև դասավանդում են հայկական եկեղեցուն կից արվեստի դպրոցում:

 

Դոնի Ռոստովում հաստատված հայ արվեստագետներից պարուսույց, բալետմեյստեր Արմեն Գրիգորյանը, Մնջախաղի թատրոնի նախկին դերասան Հովիկ Հագինյանը, աճպարար Վարդան Ամիրյանն ու սերիալային դերասան Գնել Սարգսյանը հաջողությունների են հասել ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև ռուս հանդիսատեսի շրջանում:

 

 

Պարուսույց Արմեն Գրիգորյանը համագործակցում է Ռոստովի ֆիլհարմոնիկ թատրոնի հետ`  բեմադրելով իր պարերը: Պարուսույցը Հայաստանի սահմաններից դուրս զբաղվում է իր սիրելի գործով ու մասնագիտական հմտույթունները փոխանցում է սփյուռքի հայությանը: Նրա հիմնած «Զվարթնոց» պարային համույթն արդեն զգալի հաջողությունների է հասել, մի շարք համերգների մասնակցել:

 

«Արմենը միայն պարուսույց չէ, նա հոգևոր արժեքներ է նաև սերմանում ռուսական այդ քաղաքում մեր աճող սերնդին. նա այդ երեխաներին Կոմիտաս է լսեցնում, ճաշակ ձևավորում, արմատներին ամուր պահում»,- մեծ ոգևորությամբ, միաժամանակ  ցավով նշեց Արևիկ Օրբելյանը՝ հիշելով, թե ինչ խայտառակ կերպով Արմեն Գրիգորյանին ըստ արժանվույն չգնահատեցին սեփական հողում՝ Պարարվեստի ուսումնարանում:  

 

 

Երևանի մնջախաղի թատրոնի դերասան Հովիկ Հագինյանը նույնպես տևական ժամանակ է, ինչ ապրում ու ստեղծագործում է Դոնի Ռոստովում: Նա և դերասան Գնել Սարգսյանը, ով «Շանթ» հեռուստաընկերության հետ վեճից հետո ստիպված եղավ ընտանիքով հեռանալ հայրենիքից, տեղի փոքրիկների համար թատերական խմբակ են հիմնել: Այժմ դերասանների ղեկավարած խմբակը տեղի հայ հանդիսատեսի համար բեմադրում է «Մկների ժողովը»:

 

 

Աճպարար Վարդան Ամիրյանի փոքրիկ ընտանիքը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արդեն Դոնի Ռոստովում: Աճպարարն ու 5-ամյա դուստրն իրենց հնարքներով ուրախացնում են ոչ միայն հայ, այլև ռուս հանդիսատեսին:

 

 

Նշենք, որ Վարդան Ամիրյանի՝ երկրից հեռանալու պատճառը քաղաքական հայացքներն են եղել: 2012թ. ՀՀ նախագահական ընտրություններից հետո նա ու կինն ակտիվ մասնակցել են նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին: Մի առիթով, երբ Արևիկ Օրբելյանը Ամիրյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է լքել հայրենիքը, դառը հեգնանքով ասել է. «Բադասխան եմ տալիս»:

 

 

Ըստ Արևիկ Օրբելյանի` մի շարք սերիալներից հայտնի դերասան Գնել Սարգսյանն այժմ աշխատում է Մոսկվայի երաժշտական դրամատիկական թատրոնի Ռոստովի մասնաճյուղում: Նա ընդգրկված է թատրոնի խաղացանկի մի շարք ներկայացումներում: Գնելը Դոնի Ռոստովի սբ. Հարություն եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Տիրանի առաջարկով նաև դերասանի վարպետություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում:

 

 

Դերասանուհին մեզ հետ զրույցում հակասական զգացողություններ ուներ. նա միաժամանակ և´ ուրախանում, և´ ցավ էր ապրում գործընկերների համար: «Սիրտս ցավում է, ինչու պիտի մեր տաղանդավոր հայրենակիցները հաջողությունների հասնեն ոչ թե մեր երկրում, այլ օտար ափերում: Այնքանով եմ հանգիստ, որ նրանք կարողանում են իրենց օրվա հացը վաստակել, չեն մտածում, թե վաղը ոնց են ապրելու: Բայց մյուս կողմից՝ զայրանում եմ` ինչու նրանք այդ ամենը չպիտի մեր հայրենիքում անեին»,- PressIdent.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, դերասանուհի Արևիկ Օրբելյանը:

 

 


Մերի Պողոսյան