Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո ստեղծված համանուն` «Հրանտ Դինք» հիմնադրամը թուրքերեն է թարգմանել «Քարնեգի» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջև» գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Ստամբուլում: Շնորհանդեսին ներկա կլինի նաև գրքի հեղինակը:


Գիրքը, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, պատմում է նաև Ղարաբաղի հարցում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի դերի մասին: Գիրքը հեղինակի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած 10 այցելությունների ու Հյուսիսային Կովկասում, Մոսկվայում ու Վաշինգտոնում ավելի քան 120 շարքային բնակիչների, պաշտոնյաների ու փորձագետների հետ ունեցած հարցազրույցների արդյունքն է:

 

Դե Վաալը բացահայտում է հակամարտության պատմական համատեքստը, թե ինչպես է այն նպաստել Խորհրդային Միության փլուզմանն ու տարածաշրջանում քաոսի հանգեցրել: Անցել է շուրջ 20 տարի այն պահից, երբ Երևանն ու Բաքուն համաձայնեցին հրադադար կնքել 1994 թվականին, բայց կողմերը մինչ այժմ չեն հարթել իրենց տարաձայնությունները: Թոմաս դե Վաալը, սակայն, կարծում է, որ ստատուս քվոն չի կարող հավերժ տևել:«Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջև» գիրքն արդեն լույս է ընծայվել անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն: