«Ես հին մարդ եմ՝ դինոզավրի տարիքի: Դուք իմ երգերը որպես անտիկվարիատ եք սիրում: Շատ եմ ուզում մի ջահել գա ու ասի՝ մի կողմ գնա, ես էլ երգեմ,  այ էս ա երգը»,- «Ստոպ» ակումբում հանդիսատեսի հետ համերգային հանդիպման ժամանակ ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, բայց հանդիսատեսը չհամաձայնեց. Հախվերդյանն  անփոխարինելի է՝ իրեն բնորոշ համարձակությամբ, բառապաշարով ու նուրբ, խորը ենթատեքստով երգերով:

 

 «Մեր սիրո աշունը», «Խոսքեր»` «Ծեր գնչուհին», «Իմ փոքրիկ նավակ», «Երևանի գիշերներում» , «Ձյուն», «Լավագույն տղերքը», «Եթե իմանայիր», «Սա Երևանն է»  ու մի շարք այլ երգեր ստեղծել էին «հախվերդյանական» տրամադրություն, իսկ դրանց նախապատմություններն ավելի անմիջական դարձրին երեկոն. առհասարակ, ակումբային համերգներն առանձնանում են մտերմիկ մթնոլորտով ու անկեղծ զրույցներով:

 

 

«Եթե իմանայիր»-ը կատարելիս Հախվերդյանը հիշեց, որ այն գրել է 17 տարեկանում: «Գրեցի, երբ ես «գեշ» սիրահարված էի… դեռ այդ հատկությունը կար մեջս»,- ասաց նա, իսկ «Երևանի գիշերներում»-ը երգելիս նշեց, որ այն իր ամանատարածված ստեղծագործություններից է, հավանաբար, որովհետև «Երևանի գիշերների» հետ բոլորը «խնդիր» ունեն…

 

Երաժիշտը կարևորում է, որ խոսքերը ենթատեքստ ունենան: Նրա ունկնդիրների համար սա, թերևս, գաղտնիք չէ, քանի որ Հախվերդյանի երգերում միշտ թաքնված խոսքեր կան: «Բարի լույս, տիկին Արուս» ստեղծագործությունը կատարելիս երգիչը հարկ համարեց բացատրել «լվացքդ չորացել է» արտահայտությունը. «Երևանյան հին բարբառով դա նշանակում ա՝ կյանքդ անցել, գնացել ա…»:

 

Հախվերդյանն ավելորդ չհամարեց շոյել հայ կանանց ինքնասիրությունը՝ նշելով, որ տեսել է բազմաթիվ հրաշալի աղջիկների, սակայն ամենագեղեցիկը հայ կանայք են: Ավելին, ըստ նրա, Աստված հայ կնոջ կերպարով է ստեղծել մյուսներին:)

 

 

Երգահանի պատմությունները հետաքրքիր էին ու տարաբնույթ.  «Սա Երևանն է» երգը կատարելիս Հախվերդյանը հիշեց 90-ականների մութ ու ցուրտ տարիները, երբ դասըներներով հավաքույթ են կազմակերպել: «Մենք էլ ենք ձեր տարիքին եղել, դասարան ենք ունեցել… Ֆրանսիայից, Գերմանիայից, տարբեր տեղերից «պառավներով», «բիձեքով» հավաքվեցինք ու դասարանի կեսը լրացավ»,-  ասաց նա՝ հիշելով, որ երբ ինքն իջել է շամպայն գնելու, կրպակի աշխատողի հետ է սկսել խմել շամպայնը:) Խնջույքն այնտեղ է շարունակվել, քանի որ  դասաընկերներն էլ են իջել կրպակ: «Լույսի վրա էին եկել:) Էնտեղ շարունակեցինք խմել, քիչ-քիչ թաղը հավաքվեց, մեկն իր սիրուհու հետ եկավ, մեկ էլ կինն իջավ ու կռիվ սկսվեց… Ասացին՝ չաղկալն եկավ, էլի համը հանեց, ասացի՝ բայց ես ինչ կապ ունեմ… բոլորը հավաքվել էին, լուրջ կռիվ էր  ու Կորյունի բուտկայում ծնվեց էս երգը»,- պատմեց նա:

 

 

Մտաբերելով անցած օրերը՝ Հախվերդյանը հիշեց նաև, որ ժամանակին, երբ ԱՄՆ-ում էր և ուզում էր հասկանալ՝ ինչի՞ մասին է այդ երկիրը, ի վերջո հասկացել է՝ այն զոմբիության երկիր է: «Էնտեղ Աստվածը դոլարն ա, էստեղ էլ են ուզում էդպես սարքել, բայց էն տղերքը, որոնք դառնալու են էդպիսին, դառնում են, ովքեր չէ՝ չէ»,- ասաց նա ու ներկայացրեց «Խոսքեր» երգը, որը մեզանում առավել հայտնի է  «Ծեր գնչուհին» անվամբ: «Շատ եմ ուզում էնպես երգել, որ կարողանամ բացատրել՝ էդ խոսքերը չեն, ոնց որ ասում եմ ու երգի անունը «Խոսքեր» ա»,- շեշտեց նա:

 

 

Հախվերդյանի կատարումներն ուղեկցվում էին հանդիսատեսի ձայնակցությամբ: «Մեր սիրո աշունը» երգի ժամանակ նա ասաց, որ այն հանդիսատեսի  երգն է, ոչ թե իր, դրա համար էլ այդպես երգում են, իսկ երեկոյի ավարտին կատակեց, որ ներկաներն  իրենց կատարումներով բավականին օգնեցին իրեն, շնորհակալություն հայտնեց ու հեռացավ:


Երեկոն վայելեց Ամալյա Հովհաննիսյանը