Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան տարեդարձի առթիվ կկազմակերպվի գործչին նվիրված համերգ: «Հայաստանի ամենամեծ հարստությունը հայերն են» խորագրով իրադարձությունը կանցկացվի նոյեմբերի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Գալա համերգի ընթացքում կցուցադրվի Լեոնիդ Ազգալդյանին նվիրված երկու տեսաֆիլմ:


Միջոցառման կազմակերպիչ, «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ երեկոյին կմասնակցեն անվանի արտիստներ Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Բաբախանյանը, Հայկ Կազազյանը, Նորայր Քարտաշյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Երվանդ Մարգարյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Նունե Ավետիսյանը, Արսեն Ղազարյանը, Սյուզաննա Մելքոնյանը, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի համույթը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը:

 

«Համերգը կդիտեն Հայաստանի, ինչպես նաև Արցախի դպրոցների 150-200 երեխաներ: Նպատակն այն է, որ Մարտակերտում ապրող երեխաները, որոնք գիտեն Լեոնիդի մարտական ուղին, ճանաչեն նաև մեր մշակույթի գործիչներին: Համերգին առաջին անգամ Ազգալդյանին նվիրված նոր երգ է հնչելու՝ «Հավերժական զինվորը», որի երաժշտությունը գրել է Ստեփան Շաքարյանը, իսկ խոսքերի հեղինակն է Սուրեն Գրիգորը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թովմաս Մարտիրոսյանը՝ հավելելով, որ առաջիկա յում կազմակերպվելու են նաև կենդանի հերոսներին նվիրված միջոցառումներ:

 

Երգիչ Դավիթ Ամալյանի խոսքով՝ հերոսներին նվիրված միջոցառումներ պետք է շատ կազմակերպվեն: «Կցանկանամ, որ նման համերգները շատանան, որովհետև հասարակությունը պետք է ճանաչի իր հերոսներին: Մեր երեխաները պետք է իմանան, թե ճիշտ տղաներն ինչպիսին են: Համերգները միջոց են, որ մեր հերոս տղաներին ճանաչեն»,-նշեց Ամալյանը:

Ասմունքող Արսեն Ղազարյանի համոզմամբ՝ Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովների նմաններին է հերոսներ դարձնում, իսկ մեր երկիրն իսկական հերոսների պակաս չունի: «Մեր երիտասարդները պետք է ճանաչեն մեր հերոսներին, հուսով ենք, որ կկարողանանք մեկ առ մեկ ներկայացնել հերոսներին և նրանց գործունեությունը, ճանաչենք, իմանանք և խոնարհվենք նրանց առաջ»,-նշեց Ղազարյանը:


«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ փաստեց, որ Լեոնիդ Ազգալդյանը, ցավոք, հերոսի կոչման չարժանացավ: «Նա իր իսկ հիմնադրած ջոկատով ազատագրել է բազմաթիվ բնակավայրեր, պատերազմի խոշորագույն դեմքն էր: Լեոնիդն այն մարդն էր, որ իր մեջ էր համադրում հանճարն ու հերոսը, ունենք հզոր բանակ, բայց լեոնիդյան գաղափարախոսության պակասը պետք է լրացվի, նրա օրինակը պետք է կենսակերպ դարձնել բոլորիս համար»,-հավելեց նա:

 

Ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում: Սովորել է Երևանի Մռավյանի անվան դպրոցում։ 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գ ործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու տոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին:

 

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը։ Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: