«Մանկական եվրատեսիլ-2014» մրցույթը կանցկացվի այսօր` նոյեմբերի 15-ին, Մալթայում: Հայաստանը մրցույթին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով: Նա ելույթ կունենա 12 համարի ներքո:


Հանրային հեռուստաընկերության PRմենեջեր Արուսյակ Զախարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մեր փոքրիկ մասնակցի՝ Բեթթիի տրամադրությունն ու տրամադրվածությունը մարտական է:

 

«Չնայած մրսածությանը՝ Բեթթին շարունակում է իր փորձերն ու պարապմունքները, ամեն բան անում լավ ելույթ ունենալու համար: Բեթթին շատ պայծառ երեխա է և փորձելու է այնպես անել, որ դահլիճում որևէ մեկը տխուր չլինի: Այդ մասին նա հայտարարել էր դեռևս Երեւանում՝ իր մամուլի ասուլիսի ընթացքում: Նա կփորձի հանդիսատեսին փոխանցել ջերմություն  և ժպիտներ ու հույս ունի, որ իր ելույթը դուր կգա նրանց»,- նշեց Արուսյակ Զախարյանը:

 

Մրցույթի ընթացքում մեր երկրի միավորները կհայտարարի «Մանկական եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան մասնակից Մոնիկա Ավանեսյանը: Իրադարձությունը կմեկնաբանի Առաջին ալիքի հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Այն կարելի է դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում, նոյեմբերի 15-ին, ժամը 21:40-ին, կամ լսել Հանրային ռադիոյով՝ Երևանում 107.7 հաճախականությամբ:

 

Փոքրիկ Բեթթիին «Արևի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը: 

 

Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա: Մրցույթն այս տարի կանցկացվի #together (միասին) կարգախոսի ներքո:

 

Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները, գույներ ստացած, միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խորհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արևամուտը: