Մոտ մեկ ամիս է` հանդիսատեսին տարբեր թատրոններից ու սերիալներից հայտնի մի շարք դերասաններ ամեն երկուշաբթի հավաքվում ու ֆուտբոլ են խաղում: Դերասաններից շատերը նախկինում ևս ամեն շաբաթ ֆուտբոլ են խաղացել, սակայն այժմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմերդիայի պետական թատրոնի և Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական ներկայացուցիչները մրցում են միմյանց հետ:

 

 

Պարոնյան թատրոնը հիմնականում ներկայացնում են դերասաններ Ավո Խալաթյանը, Վարուժան Մանուկյանը, Աշոտ Հակոբյանը, Ալբերտ Ղազարյանը, Կարեն Գալստյանը, Արթուր Գեղամյանը, Գևորգ Մելքոնյանը, իսկ Ստանիսլավսկու անվան թատրոնի ֆուտբոլիստներն են Արսեն Լևոնյանը, Ռշտունի Գրեյանը, Մանվել Խաչատրյանը, Էրվին Ամիրյանը, Անտոն Աղաջանյանը, Գևորգ Կարապետյանը և Արեն Խաչատրյանը:

 

Օրերս կայացած հանդիպմանը ներկա էր նաև ESem.am-ը: Դերասան-ֆուտբոլիստներն ամեն բան անում էին հաղթանակի համար, որը  հեշտ չտրվեց պարոնյանցիներին:

 

 

Դերասան Ավո Խալաթյանի խոսքով` ֆուտբոլի համար միշտ էլ ժամանակ է գտնում. իր հոբբիի համար նա պատրաստ է հետաձգել նույնիսկ փորձերը: «Փոքրուց եմ ֆուտբոլ խաղում, բացի այդ, հետևում եմ նաև ֆուտբոլային հանդիպումներին. այն միշտ էլ իմ սիրելի զբաղմունքներից մեկն է եղել»,-տեղեկացրեց դերասանը: Ըստ նրա` սիրելի սպորտաձևը բացի հաճույք պարգևելուց, նաև հնարավորություն է տալիս միշտ լավ մարզավիճակում մնալ:

 

 

 «Ֆուտբոլ խաղալ մանկուց եմ սիրել. ժամանակին նաև պարապել եմ»,-նշեց դերասան Աշոտ Հակոբյանը՝ հաղթող թիմից և հավելեց, որ իրենց համար ֆուտբոլը հոբբի է: Աշոտը շատ ուրախ է, որ շաբաթվա ընթացքում կարողանում է ժամանակ հատկացնել դրան: Ըստ նրա` անցած հանդիպումների արդյունքում ուժերը գրեթե հավասար են, թեև այս խաղով պարոնյանցիներն առաջ են անցել: «Խաղերը բավականին լարված ու հետաքրքիր են անցնում»,- ավելացրեց նա:

 

 

Դերասանը նշեց, որ բոլոր խաղերի առաջին խաղակեսերին Ստանիսլավսկու տղաները հիմնականում հաղթող են եղել, սակայն իրենց հաջողվել է ճիշտ խաղի արդյունքում հաղթանակի հասնել: «Բացի խաղից, շատ ուրախ եմ, որ առիթ ենք ունենում գործընկերների հետ հանդիպելու: Նրանք բոլորն էլ մեր ընկերներն են, բայց խաղը մնում է խաղ: Շատ կցանկանայի, որ այլ թատրոնների ներկայացուցիչների հետ ևս հանդիպումներ ունենայինք. գուցե առաջիկայում այդպիսի խաղեր ևս լինեն»,-հավելեց Աշոտն ու ավելացրեց, որ նույնիսկ ձմռան ցուրտ օրերը չեն խանգարի իրենց շարունակել զբաղվել ֆուտբոլով:

 

 

 

 


                                                                                                               Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը