Վաշինգտոնի նահանգի պետական տուրքի դեպարտամենտը բանկային խորշադարակներից մեկում հայտնաբերել է դարչնագույն կազմով նոթատետր՝ ճեպանկարներով, որոնք արվել են նկարիչ Պաբլո Պիկասոյի կողմից: Անսպասելի գտածոն հանվել է աճուրդի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The New York Times –ին:

 

Նոթատետրը պարունակում է մերկ կանանց շուրջ 30 էսքիզներ, որոնք արվել են ջրաներկով, ածխով, ինչպես նաև մատիտով:  Ճեպանկարներից մի քանիսի տակ դրված է «Պիկասո» ստորագրությունը, իսկ դրանցից մեկը բովանդակում է. «Փարիզ: 1912, մարտի 12. Պիկասո» մակագրությունը:

 

«Այս նոթատետրը բացառիկ բան է: Հավանաբար, այդ գծանկարներով նա փորձել է բարելավել իր՝ որպես նկարչի վարպետությունը»,- մեջբերում է King5.com պորտալը Մերֆի աճուրդային տան ներկայացուցչի խոսքը:

 

Նոթատետրն աճուրդի կհանվի նոյեմբերի 19-ին եւ 20-ին: Լոտի նախնական գինը չի ճշտվում: