Հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը Ռուսաստանում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հետ, որի մասին ֆիլմի նկարահանումը պլանավորում Է սկսել հաջորդ տարվա սկզբին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Մենք աշխատում ենք ֆիլմի սցենարի վրա: Հուսով ենք նկարահանումն սկսել հաջորդ տարվա սկզբին, չէ որ սցենարի վրա աշխատում ենք գործնականում արդեն մեկ տարի և շատ ուրախ ենք, որ ամեն ինչ ստացվում է»,-ասել է Սթոունը, նշելով, որ Ռուսաստանում հանդիպել է Սնոուդենի հետ:

 

Հոլիվուդյան ռեժիսորի խոսքով՝ իր ապագա ֆիլմը հիմնված է երկու գրքերի վրա՝ «Գարդիան»-ի լրագրողի գրքի և ՌԴ-ում Սնոուդենի շահերը ներկայացնող փաստաբանի՝ Անատոլի Կուչերենայի գրքի վրա, կինոնկարի համար նյութեր են ընտրվել նաև թերթերից:

 

Սթոունը հայտնի է որպես սուր քաղաքական թեմաներով ֆիլմեր նկարահանող ռեժիսոր. նրա հերոսներն են եղել ԱՄՆ-ի նախագահներ Ռիչարդ Նիքսոնը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշը: Պատասխանելով ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե ռեժիսորը մտածել Է արդյոք ֆիլմ նկարահանել Պուտինի մասին, նա ասել Է. «Ոչ, մենք չենք պլանավորում գեղարվեստական ֆիլմ նկարահանել Պուտինի մասին, բայց ես նրանից հարցազրույց կվերցնեի, որպեսզի ներկայացնեմ այն տեսակետը, որն ամերիկացիները չեն ցանկանում լսել: Ես կցանկանայի նրա մասին վավերագրական ֆիլմ նկարահանել»,-հավելել է Սթոունը: