Ցանկացած բնագավառում կարևորը ձեռագիրն է, ինչը շատերի մոտ կյանքի ընթացքում կորում է:   Երգչուհի Սոֆի Մխեյանը, ով հայկական շոու բիզնեսում արդեն բավական ժամանակ ունի և պահպանում է սեփական «ձեռագիրը», վերջին գրեթե երկու տարվա ընթացքում առավել շատ Հայաստանից դուրս՝ հյուրախաղերի է լինում: Ի դեպ, հերթական համերգային շրջագայությունից  վերադարձնել է ընդամենը օրեր առաջ: Life.panorama.am-ին նա վստահեց իր տպավորությունները, մտահղացումներն ու տեսակետները:

 

-Օրեր առաջ եք վերադարձել համերգային շրջագայությունից: Որտե՞ղ էիք ու ինչպես անցավ:


-25 օրերի ընթացքում հասցրել եմ համերգներով շրջել Ռուսաստանի 20 քաղաքներում: Բավականին խիտ համերգային գրաֆիկ ունեի, բայց հրաշալի անցավ: Ի դեպ, Ռուսաստան մեկնել եմ Շվեդիայից վերադառնալուց մեկ օր հետո: Մինչ այս համերգը հասցրել եմ լինել Փարիզում, Միացյալ Նահանգներում, Բարսելոնայում, Լոնդոնում…

 

-Ինչպես նկատել եմ, Դուք տարվա կտրվածքով ավելի շատ դրսում եք լինում, քան Հայաստանում:


-Պետք է խոստովանեմ, որ անցյալ տարվանից սկսված՝ այդպես է ստացվել: Ճիշտ է, մինչ այդ էլ էի հաճախակի բացակայում, բայց նախորդ տարվանից գրեթե անընդհատ դրսում եմ, ինչը, կարծում եմ, արտիստի համար լավ ձեռքբերում է. տարիների ընթացքում աշխատանքդ այնքան է հասունանում, որ ընդլայնվում է, սփյուռքին ներկայանալու պահանջ է առաջանում: Ուրախ եմ, որ տարիների աշխատանքի շնորհիվ իմ սերմանածն այսօր պտուղ է տվել: Շատ-շատ հրավերներ եմ ունենում արտերկրից: Ուրախ եմ, որ իմ հանդիսատեսը միշտ ջերմությամբ, կարոտով ու սպասումով է ինձ դիմավորում և՛ դրսում, և՛ Հայաստանում: