Մադոննան զրկվել է Forbes ամերիկյան ամսագրի վարկածով ամենաբարձր վճարվող երգչուհու տիտղոսից: Նոր վարկանիշը գլխավորել է Բեյոնսեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում Բեյոնսեն, Forbes-ի տվյալներով, վաստակել է 115 մլն դոլար: Եկամտի գլխավոր աղբյուրը դարձել է 95 համերգներից և Beyonce վերտառությամբ նոր ալբոմի վաճառքներից ստացված շահույթը: Բացի այդ, ամերիկացի երգչուհին նկարահանվել է H&M հագուստի արտադրողի և PepsiCo կորպորացիայի գովազդում:

 

Ընդհանուր առմամբ Բեյոնսեին, որն ավելի վաղ գլխավորել է նաև Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ հռչակավոր անձանց վարկանիշը, հաջողվել է անցած տարվա ընթացքում վաստակել երկու անգամ ավելի շատ, քան մեկ տարի առաջ, երբ նա չորրորդ տեղն էր զբաղեցրել ամենաբարձր վճարվող կատարողների ցուցակում:

 

Վարկանիշի երկրորդ տեղը բաժին է հասել քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթին, որը 64 մլն դոլար է վաստակել «1989» նոր ալբոմի թողարկման, ինչպես նաև կոկա կոլայի, Keds կոշիկների և  CoverGirl կոսմետիկայի գովազդի շնորհիվ: Եռյակը եզրափակել է երգչուհի Փինքը, որի եկամուտը կազմել է 52 մլն դոլար:

 

Առաջատարների հնգյակում տեղ են գտել նաև Ռիհաննան (48 մլն դոլար) և Քեթի Փերին (40 մլն դոլար): Մադոննան այս տարի չի մտել Forbes-ի վարկանիշ: