Գիտնականները նախազգուշացնում են, որ «հակասոցիալական» ժամերին աշխատելը կարող է արագացնել ուղեղի ծերացումը և բթացնել մտավոր ընդունակությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Նրանց հետազոտությունը, որը հրապարակվել է «Կանխարգելիչ և էկոլոգիական բժշկություն» հանդեսում, ցույց է տվել, որ հերթափոխային աշխատանքի տասնամյակը ուղեղը «ծերացնում է» ավելի քան վեց տարով:

 

Ու թեև նման աշխատանքից ազատվելուց հետո մարդիկ սկսում են ապաքինվել, լիակատար վերականգնման համար պահանջվում է հինգ տարի:

 

Մարդու օրգանիզմի կենսաբանական ժամացույցը նախատեսում է ցերեկային ակտիվություն և գիշերային քուն:

 

Հայտնի է, որ այդ ժամացույցի հետ հակասության մեջ մտնող կենսագործունեությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ առողջության համար՝ կրծքագեղձի քաղցկեղից ու սրտի հետ կապված խնդիրներից մինչև ճարպակալում: